Տնտեսություն

Միջազգային կազմակերպությունները մասնակցել են ՓՄՁ զարգացման հնգամյա ռազմավարության քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Միջազգային կազմակերպությունները մասնակցել են ՓՄՁ զարգացման հնգամյա ռազմավարության քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ոլորտային ռազմավարությունների քննարկումների շրջանակում հոկտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանում փոքրևմիջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկմանը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների, միջազգային զարգացման կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է «Փոքրևմիջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության» նախագիծը՝ նշելով, որ այն նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:

Քննարկման ընթացքում փոխնախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին և անդրադարձել ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին, ձևաչափին, ինչպես նաև նրանց ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։

Քննարկումը կազմակերպվել էր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, միջազգային գործընկերների և ՀՀ կառավարության միջև համագործակցության ձևաչափի շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում