Տնտեսություն

ՏԿԵ նախարարը Լիտվայի դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարը Լիտվայի դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նկատել է, որ Լիտվան ՀՀ անկախությունը առաջինը ճանաչած երկիրն է , որի հետ տարբեր ժամանակահատվածներում ձևավորվածբարեկամական կապերը և պատմական զուգահեռները հնարավորություն են ընձեռում նոր որակ և բովանդակություն հաղորդելու առկա հարաբերություններին։

«Մեր երկրների միջև առկա է փոխգործակցության չբացահայտված ներուժ, որի իրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերը կարող են առարկայական դառնալ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով», -նշել է Սուրեն Պապիկյանը՝ դեսպանին ներկայացնելով ճանապարհային, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ՏԿԵ նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը։

Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն իր հերթին կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով և ներկայացրել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները։

ՏԿԵ նախարարը և Լիտվայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև նշված ոլորտներում տարբեր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպման և կանոնավոր երկխոսությունների անցկացման շուրջ։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում