Վերլուծություն

Ո՞րն է Սիրիայում ԱՄՆ քաղաքականության տրամաբանությունը

4 րոպեի ընթերցում

Ո՞րն է Սիրիայում ԱՄՆ քաղաքականության տրամաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիս-արևելքից զորքերը դուրս բերելու որոշումը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ: Բարձրաձայնվող հիմնական հարցադրումները գլխավորապես վերաբերում են նման որոշման դրդապատճառներին և շահավետությանը՝ ԱՄՆ քաղաքականության տեսանկյունից:

Այս և այլ հարցադրումներին պատասխանելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, անդրադառնալ արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ գործող նախագահի որդեգրած մոտեցումներին, որոնց մասին նա բարձրաձայնել է դեռ նախորդ նախընտրական պայքարի ժամանակ: Թրամփի դիրքորոշումը բավական հստակ է. ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում իր վրա վերցնել իր սահմաններից հեռու ընթացող հակամարտությունների համար պատասխանատվության հիմնական բեռը: Թերևս դրանով էր պայմանավորված, ինչպես Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը, այնպես էլ թալիբների հետ սկսված բանակցությունները (այժմ ընդհատված են), որոնք պետք է հանգեցնեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը:

Այս տրամաբանության վառ արտահայտություններից է նաև ԱՄՆ նախագահի վերջին թվիթերյան գրառումներից մեկը, որտեղ նա, մասնավորապես, նշում է. «Ես հարցրեցի իմ գեներալներին. ինչու մենք պետք է կռվենք Սիրիայի և Ասադի համար՝ պաշտպանելով մեր թշնամիներին: Նա ով ցանկանում է օգնել Սիրիային՝ քրդերին պաշտպանելու հարցում, ինձ լավություն է անում. լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, թե Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ նրանք հաջողության կհասնեն, մենք 7000 մղոն հեռավորության վրա ենք»:

Այսպիսով, չցանկանալով այլևս իր վրա վերցնել Սիրիայում տիրող իրավիճակի համար պատասխանատվության հիմնական բեռը, ԱՄՆ-ն, ըստ էության, կանգնեց ընտրության առաջ: Ընտրությունը Թուրքիայի և քրդական ուժերի միջև էր, որտեղ նախապատվությունը տրվեց Թուրքիային՝ ԱՄՆ ՆԱՏՕ դաշնակցին, որն իր ռեսուրսներով և ռազմավարական կարևորությամբ, իհարկե, գերազանցում է քրդական ուժերին: Թրամփի նման ընտրությունը բխում է ԱՄՆ քաղաքական շահերից՝ հերթական անգամ ստորադասելով մարդու հիմնարար իրավունքները:

Չնայած այս ամենին, Միացյալ Նահանգները սահմանել է նաև որոշ պատժամիջոցներ, որոնք թիրախավորում են Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներին, ինչպես նաև Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների և պաշտպանության նախարարությունները: Նման պատժամիջոցները, սակայն, որևէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Թուրքիայի տնտեսության կամ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների վրա: Նման քայլը մի կողմից ունի կանխարգելիչ բնույթ և միտված է ապահովել, որ Թուրքիան չխախտի ձեռք բերած պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ այս կերպ ԱՄՆ-ն փորձում է պահել իր «դեմքը»՝ միջազգային քննադատությունների ֆոնին:

Բացի այդ, ԱՄՆ շահերից է բխում, որպեսզի քրդերը Սիրիայում ամբողջությամբ չկորցնեն իրենց ենթակայության ներքո գտնվող տարածքները և ազդեցությունը, որպեսզի ի դեմս քրդերի հետագայում ևս այնտեղ ունենան ազդեցության որոշակի լծակներ:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Սիրիայում ԱՄՆ ներկայիս քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ ներկայիս նախագահի վարած արտաքին քաղաքականության հիմնական տրամաբանության շրջանակներում: Միանշանակ է նաև, որ ԱՄՆ որդեգրած նման քաղաքականության համար Թուրքիան ևս պետք է որոշակի «գին» վճարի: Իսկ թե որը կլինի այդ «գինը», ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա նոյեմբերի 13-ին սպասվող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ժամանակ:

Լիանա Հովհաննիսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում