Տնտեսություն

Ամերիաբանկի նորաբաց «Էջմիածին» մասնաճյուղն իր հաճախորդներին կներկայանա նոր առաջարկներով

4 րոպեի ընթերցում

Ամերիաբանկի նորաբաց «Էջմիածին» մասնաճյուղն իր հաճախորդներին կներկայանա նոր առաջարկներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղը հոկտեմբերի 15-ին դռները բացեց Էջմիածնի բնակիչների առաջ, որտեղ նրանց կներկայանա նոր առաջարկներով ու արտոնյալ պայմաններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզային ցանցում բանկի թվով ութերորդ մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:30-17:00-ն:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին բավականին ընդլայնվել է մարզերում իրենց ներկայացվածությունը:

«Այս տարվա առաջին մասնաճյուղը բացվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, այժմ էլ Արմավիրի մարզում՝ Էջմիածին քաղաքում բացվեց: Մեր բոլոր մասնաճյուղերն ունիվերսալ են՝ բոլոր ծառայություններն առաջարկվելու են նաև այստեղ: Այս մասնաճյուղում առաջարկում ենք հատուկ արտոնյալ պայմաններով ծառայություններ: Փորձել ենք բիզնես վարկերից սկսած, մինչև ֆիզիկական անձանց վարկերն ու գործառնական ծառայությունները ներկայացնել մեր հաճախորդներին»,- նշեց Բարսեղյանը և հավելեց, որ իրենց հիմնական նպատակն է Էջմիածնում ևս մեկ նիշով բարձրացնել սպասարկման որակը:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասաց, որ շատ կարևոր է նման կառույցների բացումը Էջմիածնում, քանի որ ամենակարևորն ավելանում են աշխատատեղերը:

«Ես տեղյակ եմ, որ Ամերիաբանկն Էջմիածնից շատ հաճախորդներ ունի, և նրանք այլևս ստիպված չեն լինի հասնել Երևան՝ իրենց գործարքներն անելու համար: Որպես համայնքի ղեկավար՝ ինձ համար շատ կարևոր են սոցիալական պատասխանատվության փաթեթները: Մենք արդեն պայմանավորվածություն ձեռք բերեցինք բանկի կառավարչի հետ, որ բանկը ևս կմասնակցի համայնքի կյանքին և փոքր նախագծերի միջոցով կփորձի օգտակար լինել»,- ընդգծեց Գասպարյանը:

Նա նշեց, որ իրենց համայնքում բնակիչները շատ են օգտվում սպառողական և բիզնես վարկերից:

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ շատ է կարևորվում բանկի բացումը իրենց մարզում: «Շատ ենք կարևորում նաև այն հանգամանքը, որ բացվում են նոր ու որակյալ աշխատատեղեր»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ տարբեր բանկերի հետ կա համագործակցություն սոցիալական ծրագրերի վերաբերյալ, և առաջիկայում այդ առումով աշխատանքներ կտարվեն, որպեսզի Ամերիաբանկի հետ նույնպես համագործակցություն լինի:

«Էջմիածին» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում կտրամադրվի ինտերնետ բանկինգ ու մոբայլ բանկինգ համակարգ՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ: Կտրվի նաև Business տեսակի քարտի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ, ինչպես նաև ընկերության երկու ղեկավարին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի) մեկ տարվա սպասարկմամբ:

Նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում անվճար կտրամադրվեն ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ ծառայություններ: Նրանց համար կլինի նաև մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)՝ մեկ տարվա սպասարկմամբ:

«Էջմիածին» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում