Փորձագետները Գախարիայի այցից ակնկալում են ՀՀ-Վրաստան հարաբերությունների դրական դինամիկայի պահպանում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի Հայաստան այցը կրում է ճանաչողական բնույթ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ Գախարիան վերջերս է նշանակվել Վրաստանի վարչապետ, նախկինում երկու անգամ Հայաստանում եղել է: Վերջին անգամ Հայաստան էր այցելել, երբ Ներքին գործերի նախարար էր:

«Ինչպես գիտենք, Վրաստանի նախկին վարչապետի հետ Հայաստանի վարչապետն ակտիվ կառուցողական համագործակցություն ուներ, եղան նաև ոչ ֆորմալ հանդիպումներ: Ակնկալվում է, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև Վրաստանի նոր վարչապետի հետ: Ես կարծում եմ, որ Գեորգի Գախարիայի հետ նորմալ հարաբերություններ կհաստատվեն»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Թեպետ այցը ճանաչողական է, սակայն օրակարգային տարբեր հարցեր չեն շրջանցվելու: Վրացագետը նկատեց, որ Հայաստանն ու Վրաստանն ակտիվ աշխատում են մի քանի ուղղություններով՝ զբոսաշրջություն, էներգետիկա, առևտրային հարաբերություններ, ենթակառուցվածքներ: Դրանից բացի, կարևոր է, որ այս այցի ժամանակ թարմացվեն հեռանկարները, միջպետական օրակարգը: Օրինակ, Վրաստանի նախկին վարչապետը հնչեցրել էր 1 մլրդ առևտրային շրջանառության ցուցանիշը: Պետք է հասկանալ, թե ինչ ուղղությունների շուրջ քննարկում կգնա:

«Մի հարցի վրա էլ կցանկանայի ուշադրություն դարձնել: Վերջերս Վրաստանի մասին խոսակցություններում նշվում է ռազմավարական բառը: Ես կարծում եմ, որ այդ գաղափարը պետք է զարգացնել, նոր պատրաստվող ռազմավարության մեջ ֆիքսվի, թե մենք ինչ ենք տեսնում մեր հարաբերություններում մոտ ապագայում, և կառուցենք մեր քաղաքականությունը»,-ասաց վրացագետը:

Անդրադառնալով Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքին, որի հետաձգման ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 1-ին, Ջոնի Մելիքյանը նշեց, որ այդ հարցի հետ կապված դեռ տեղեկություն չկա: Վրացագետը ցորենի և ալյուրի տարանցման արգելքը պայմանավորում է նախկին վարչապետի հետ, ով կապ ուներ «Վրաստանի երկաթգիծ» ընկերության հետ: Նա լոբբիստական աշխատանք էր կատարում բեռնափոխադրումները դեպի երկաթգիծ ուղղորդելու համար: Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանի վարչապետի Հայաստան այցի ընթացքում օրակարգային հարցերից մեկը պետք է լինի ցորենի և ալյուրի տարանցման արգելքի հարցը:

Հայաստան-Վրաստան համագործակցությունից բացի, քննարկումների առանցքում կլինեն տարածաշրջանային հարցերը: Քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ Վրաստանի վարչապետն արդեն եղել է Ադրբեջանում, Հայաստանից հետո նախատեսվում է այց Թուրքիա, իսկ հաջորդ այցն, ամենայն հավանականությամբ, կլինի Բրյուսել:

«Առաջինն Ադրբեջան այցելելը նաև ուղերձ էր տեղի քաղաքական իշխանություններին, միջազգային հանրությանը՝ ընդգծելով այդ երկրի ռազմավարական կարևորությունը Վրաստանի համար: Գախարիան այս այցի ընթացքում չէր կարող շրջանցել վերջին շրջանում աղմուկ հանած Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված զարգացումները: Այդ հարցում որոշ պայմանավորվածություն է ձեռքբերվել»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա հաշվի առնելով այն, որ Բախտաձեի պաշտոնավարման ընթացքում պաշտոնական Երևանն ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն էր իրականացնում Վրաստանի ուղղությամբ, ստեղծվել էր դրական դինամիկա: Ութ տարի դադարից հետո տեղի ունեցավ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, ինչպես նաև բիզնես համաժողով:

«Պետք է ակնկալենք, որ Գախարիայի օրոք հնարավոր կլինի մի կողմից պահպանել դրական դինամիկան, մյուս կողմից քննարկել նոր օրակարգային հարցեր»,-ասաց Նարեկ Մինասյանը: Խոսելով Վրաստան-Թուրքիա հարաբերություններից՝ քաղաքագետը նշեց, որ Գախարիայի այցը, այսպես ասած, ոչ դրական իրավիճակում է իրականացվելու՝ կապված Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ: Ռուսաստանի պարագայում իրավիճակը բարդ է: Ամռանը տեղի ունեցած ցույցերի, միջադեպերի արդյունքում Ռուսաստանը կրկին պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի նկատմամբ, որոնք լուրջ վնաս հասցրեցին տնտեսությանը: Ինչ վերաբերում է Աբխազիայի ուղղությամբ ճանապարհային խնդրին, ապա Նարեկ Մինասյանը նշեց, որ այս պարագայում տեղաշարժը քիչ հավանական է:

«Հաշվի առնելով այն, որ հակառուսական տրամադրությունները կտրուկ աճել են, ապա չեմ կարծում, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ տեղաշարժ կլինի: Դա կդիտարկվի Վրաստանի ազգային շահերի ստորադասում»,-ասաց նա: Վրացագետ Ջոնի Մելիքյանն էլ ավելացրեց, որ Վերին Լարսի այլընտրանքը Հայաստանի համար պետք է լինի ծովը: Եթե Հայաստանն ունենա լաստանավ, ապա այն կտա հնարավորություն բեռնափոխադրողներին խցանումների պարագայում խնդիրը լուծել: Այդ խնդիրը հիմնականում կապված է Ռուսաստանում անցակետերի հետ, որտեղ առաջիկայում արդիականացման աշխատանքներ չեն նախատեսվում:

Փորձագետները նաև նշեցին, որ Վրաստանում հաջորդ տարի սպասվում են ընտրություններ: Ըստ էության, Գախարիայի արտաքին քաղաքական ակտիվությունն ինչ-որ առումով սահմանափակված է լինելու ընտրությունների հարցով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն English Русский

Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարները կաջակցեն Հայաստանի եվրոպական ինտեգրմանը

Չկա ՀՀ-ի որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը. ՔՊ խմբակցությունը՝ սահմանազատման մասին

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ կսահմանվեն

Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

Հայտարարագիր ներկայացրած 61 հազար քաղաքացուց 4200-ն օգտվել է մինչև 100 հազար դրամ հետվճարի ծառայությունից․ Սիսակ Գաբրիելյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել Եմենի հութիների կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի արտաքին ռիսկերի պատկերում ցածր է գնահատում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերի վերացումը քիչ հավանական է համարում

ՀՀ ԱԺ-ն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ

Գազայում հրադադարի մեկնարկից ի վեր փլատակներից հանվել է 170 մարդու մարմին