Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Կիտանյանին զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան կապերն ամրապնդելու և զարգացնելու հետևողական ջանքերի, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։

Տիգրան Խաչատրյանը Լիբանանի զբոսաշրջության նախարարին ծանոթացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին և նախանշված ծրագրերին, խոսել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճող թվի և աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ոլորտում ակնկալվող զարգացումների մասին։

Ավետիս Կիտանյանն, իր հերթին, ներկայացրել է Լիբանանի զբոսաշրջության ոլորտի վիճակագրության ցուցանիշները և զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին, նախարարները քննակել են նաև Ծոցի երկրներից նոր զբոսաշրջային խմբերի թիրախավորման նախագծի մասին։ Այս հարցում Ավետիս Կիտանյանն առաջարկել է ուսումնասիրել լիբանանյան փորձը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն առաջարկել է միասին մշակել նախագիծը և համագործակցություն հաստատել այդ և այլ ուղղություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում