Տնտեսություն

ՏԿԵ փոխնախարարները  քննարկել են ԵՄ հետ էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՏԿԵ փոխնախարարները  քննարկել են ԵՄ հետ էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:

Փոխնախարարները Վասիլիս Մարագոսի հետ քննարկել են իրենց համակարգման ոլորտում գտնվող ԵՄ-Հայաստան ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի աջակցության ծրագրերը, հետաքրքվել մի շարք ծրագրերի ընթացքով և իրականացման եղանակներով: «ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական աջակիցն ու երկրում բարեփոխումների առանցքային գործընկերն է և պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին»,-ասել է Վասիլիս Մարագոսը:

Հանդիպմանը փոխնախարարների և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Տրանշ 4 (Սիսիան-Քաջարան ճանապարհահատված) նոր կառուցվելիք շուրջ 60կմ երկարությամբ ճանապարհահատվածում առկա Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ ԵՄ-ի կողմից կատարված առաջարկության մանրամասներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերին և այս ոլորտում աջակցության հնարավորություններին:

Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավարը նախարարի տեղակալներին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Վիլնյուսում (Լիտվա) կայանալիք Արևելյան գործընկերության տրանսպորտային համաժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում