Կառավարությունը արտոնություն տրամադրեց ֆոտովոլտային պանելների արտադրության ներդրումային ծրագրին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում շահագործողի թույլտվություն տրամադրեց՝ ֆոտովոլտաին պանելների արտադրության իրականացման համար:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 ԱՄՆ դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի:
«Նախատեսված է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,6 մլն դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 1000 քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:
«Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 4 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: