Վանաձորում կարի արտադրության ոլորտում կստեղծվի 200-250 նոր աշխատատեղ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի վերանորոգման համար:
«Ներկայումս առկա է 1100 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: