Տնտեսություն

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին

2 րոպեի ընթերցում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին

ԴԻԼԻՋԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 8.9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին: Ճանապարհը քարաթափումներից պաշտպանելու համար բարձրացվում է նաև հենապատը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին հետևելու նպատակով շրջայցին ճանապարհի կարևորության մասին խոսեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս ճանապարհի շինարարությունը երկար սպասված էր, դեռևս նախորդ տարվանից այն գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: ԱԺ շատ պատգամավորներ այս հարցը ևս բարձրացնում են»,-ասաց Պապիկյանը:

Ճանապարհի նախնական աշխատանքը՝ վերին շերտի հեռացումն արդեն արված է: Կապալառու մի ընկերությունը կատարում է 8.9 կմ ճանապարհի աշխատանքները, մյուսը՝ 11.1 կմ ճանապարհինը:

8.9 կմ ճանապարհի հիմնանորոգման համար կապալառու ընկերության տնօրեն Վաղարշակ Պետրոսյանը նշեց, որ աշխատանքները սկսել են օգոստոսի վերջին: Եթե եղանակային պայմանները մնան նույնը, ասֆալտապատումը կավարտեն հոկտեմբերի 20-ին, մնացած աշխատանքները՝ հոկտեմբերի վերջին:

Քանի որ ճանապարհի այդ հատվածում քարաթափումներ էին լինում, հենապատը բարձրացվել են մոտ 1 մ-ով:

Սեպտեմբեր ամսին ավելի վաղ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի էր ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում