Հասարակական

Վալերիյ Օսիպյանը խոստանում է հեռանալու պատճառների մասին խոսել հետագայում

2 րոպեի ընթերցում

Վալերիյ Օսիպյանը խոստանում է հեռանալու պատճառների մասին խոսել հետագայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Վալերիյ Օսիպյանը խոստանում է հեռանալու պատճառների մասին խոսել հետագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերիյ Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:

Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու եւ իրականացված փոփոխություններն արժեւորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչեւ գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ եւ պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:

Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն եւ պատրաստակամություն:

Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ եւ անմնացորդ ծառայության համար:

Պատիվ ունեմ»:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում