ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Դանիայի միջև կայուն հարկային դաշտի ստեղծմանը նպաստող օրինագիծը
1 րոպեի ընթերցում
![ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Դանիայի միջև կայուն հարկային դաշտի ստեղծմանը նպաստող օրինագիծը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/987465.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:
Կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը՝ նվազեցնելով եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսելու ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Կոնվենցիան նպատակ ունի նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ: