Հասարակական

Փաշինյանը Ջերմուկի բնակիչներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները

7 րոպեի ընթերցում

Փաշինյանը Ջերմուկի բնակիչներին խնդրում է  ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշում է, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:

«Ջերմուկ քաղաքի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որովհետև այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք, որովհետև դուք ունեք կառավարություն, որը եթե տեսնի, որ այդ ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, ինքը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կգնա ճանապարհներ կփակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «Իմ արձանագրումը շարունակում է մնալ այն, ինչ ունեցել եմ իմ նախորդ ուղիղ եթերի ընթացքում, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում: Բայց, հասկանալի է, որ չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»:

Վարչապետն ընդգծեց, որ բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է Ամուլսարում սկսել ստուգումներ՝ շրջակա միջավայրի նախարարի բարձրացրած որոշ հարցեր պարզելու համար: Փաշինյանն ընդգծեց, որ շրջակա միջավայրի նախարարը նաև «Էլարդ»-ի հետ սկայպ կոնֆերանսի նաև նրանց եզրակացության վրա հիմնվելով՝ մի շարք հարցեր է բարձրացրել, նախնական հետազոտություններ արել: Այդ հարցերի պատասխանը գտնելու որոշակի լիազորություններ ունի տեսչական մարմինը:

Ես ուզում եմ այս պահից արձանագրել, թե այդ ստուգումների արդյունքում տեսականորեն ինչ կարող է լինել. Տարբերակ առաջին՝ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է, տարբերակ երկրորդ՝ տարբերակ երկրորդ՝ կան խախտումներ և անճշտություններ և այդ խախտումներն ու անճշտությունները հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների. Սա նշանակում է, որ այս պարագայում առանց նախագծային փոփոխությունների այդ շփումները կիրականացվեն և նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի ծագի: Տարբերակ երրորդ՝ այդ խախտումները և անճշտությունները հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի, և եթե խոսք է գնում նոր նախագծի վերաբերյալ, նշանակում է խոսք է գնում նաև նոր ՇԳԱՄ-ի վերաբերյալ: Շրջակա միջավայրի նախարարի գրած փաստաթղթում կան կետեր, որոնց ստուգումը բնապահպանության տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում: Այս հարցերի վերաբերյալ պատասխան պետք է տա նախաքննությունը՝ քննչական կոմիտեում ընթացող քրեական գործով»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ Հայաստանի կառավարությունը ունի հնարավորություն իրականացնել ամենօրյա մոնիթորինգ ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար: «Այսինքն, մենք ամեն պահի կարող ենք գնալ ջրի նմուշ վերցնել, օդի նմուշ վերցնել, աղմուկի մակարդակը չափել, և երբ կարձանագրվի որևէ խախտում, կառավարությունը ունի լծակներ, այդ խախտումնեին ընթացք տալու և դրա չվերացման պարագայում հանքի շահագործումը մեկընդմիշտ արգելելու, նկատի ունեմ կառավարությունն ունի բոլոր լծակները: Ցավոք սրտի, մեր մոնիթորինգային հնաարվորություները չեն համախպատասխանում միջազգային ստանդարտներին և մեր ցանկություններին: Ես խնդիր եմ դրել, որպեսզի շրջակա միջավայրի նախարարությունը ողջ անհրաժեշտ տեխնիկան գնի մինչև մյուս տարվա ապրիլ-մայիս, որպեսզի մենք պատշաճ մակարդակի, անհրաժեշտ մակարդակի մոնիթորինգ իրականացնենք: Հիմա ինչու մյուս այդ ժամանակը շեշտում: Երբ որ մենք «Լիդիան»-ի ներկայացուցիչներին հրավիրեցինք, մենք նրանց առաջ հարց դրեցինք, ասել ենք՝ ենթադրենք հիմա, օրինակ, սեպտեմբերից դուք դեպի հանք հասանելիություն եք ստանում, ինչ պլաններ ունեք և ինչ ժամկետներում եք պատկերացնում շինարարության ավարտը և հանքի շահագործման մեկնարկը և նոր շինարարության մեկնարկը: Նրանք ասացին, որ իրենց պատկերացմամբ, իրենց ընկալմամբ, առաջինը պետք է մտնեն և տարածքը ուսումնասիրեն, տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ այս ընթացքում, և, իրենց գնահատմամբ, ամենաշուտը շինարարակակն աշխատանքները կսկսեն մյուս տարվա ապրիլ-մայիսին, այնտեղ կիրականացնեն շինարարական աշխատանքները, իսկ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը 2020 թվականի չորրորդ եռամսյակն է, բայց ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է: Նրանք նաև ասացին, որ ոչ մեծ ծավալի զուտ հողային աշխատանքներ տեղում հնարավոր են: Եթե այսօր ճանապարհները բացվեն Ամուլսարի, այնտեղ շինարարությունը չի սկսվելու առնվազն մինչև 2020 թվականի ապրիլ: Բայց ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի տեսանկյունից Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծում՝ ստեղծելով Հայաստանի վարկանիշի անկման շատ կոնկրետ հնարավորություն»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտության հետ կապված՝ ասել է, որ դա այն փաստաթուղթն է, որով հանքաարդյունաբերողն ինքը բարձրաձայնում է իր պարտավորությունները հանրության առաջ:

«Եթե հիշում եք` «Սկայպ» կոնֆերանսի ժամանակ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետները ասացին, որ, ի վերջո, ցանկացած գործողության և գործունեության պատասխանատվություն կրում է «Լիդիան» ընկերությունը: «Լիդիան» ընկերությունը ինքը պետք է երաշխիքներ տա կամ չտա, ստանձնի որոշակի պարտավորություններ, ինչի արդյունքում Կառավարությունը պետք է որոշի, թե որքանով է վստահություն ցուցաբերում այդ արձանագրումների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է, որ «Լիդիան» ընկերությունն իր հետ հանդիպման ժամանակ ամենաբարձր մակարդակով երաշխավորել է, որ շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի լինի:

«Լիդիան» ընկերությունը այս ամբողջ պատմությունից հետո գալիս է և ինձ հետ հանդիպման ընթացքում ասում է, որ «այո, ինչպես ՇՄԱԳ-ում գրել եմ, ես պարտավորվում եմ, որ այդ հանքը կշահագործեմ 100 տոկոսով անվտանգ»: Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, օդի որակը չի փոխվի, ստորերկրյա ջրերը չեն աղտոտվի, մակերեսային ջրերը չեն աղտոտվի, հողի և շրջակա միջավայրի կենսբազմազանության հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,- նշել է Վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում