ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019թ-ի հունվար-հունիս ամիսներին իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել են 26%-ով՝ կազմելով 705 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածի համար 20%-ով ավելացել են նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ կազմելով 152 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 126 մլրդ դրամի փոխարեն:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները:
ՎԿ տվյալների համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա ընդամենը ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունը, այսինքն՝ զուտ հոսքերը կազմել են 97.8 մլրդ դրամ՝ 2018թ-ին արձանագրված բացասական՝ -24.5 մլրդ դրամի դիմաց: Միևնույն ժամանակ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 38.6 մլրդ դրամից նվազել են մինչև 7.7 մլրդ դրամ:
Հիմնական խոշոր ներդրումները ներգրավվել են Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Իտալիայից և Նիդերլանդներից: