Գյումրիում օդանավակայանի հարևանությամբ ստեղծվում է ազատ տնտեսական գոտի
2 րոպեի ընթերցում
![Գյումրիում օդանավակայանի հարևանությամբ ստեղծվում է ազատ տնտեսական գոտի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/986211.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կքննարկիԳյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշման նախագիծ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, որոշման համար հիմք է հանդիսացել «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի կողմից մասնավոր նախաձեռնությամբ Գյումրիում ԱՏԳ ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, մասնավոր նախաձեռնությամբ ԱՏԳ ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով մարզում վերոնշյալ ազատ տնտեսակական գոտի ստեղծելու համար լոգիստիկ ենթակառուցվածքի առկայությունը, մասնավորապես` միջազգային գործող օդանավակայանի, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, գործող երկաթուղային ցանցի առկայությունը, և դրան հարակից հողատարածքների առկայությունը:
«Գյումրիում ԱՏԳ ստեղծելու նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը»,- ասված է հիմնավորման մեջ: