ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանի կարծիքով` լավ կլիներ, որ լրատվամիջոցի ձեռքերում չհայտնվեին Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննչական գաղտնի փաստաթղթերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով բրիտանական BBC-ի ռուսական ծառայության հրապարակմանը` Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, Գրիգորյանն այդ փաստը մտահոգիչ համարեց:
«Բնականաբար, մեզ մտահոգում է: Մեզ համար կարևոր է, որ գաղտնի տեղեկության որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիություն նշանակում է անվտանգություն և ապահովվածություն: Պետք է հետաքննել, ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել լրատվամիջոցի ձեռքերում», -ասաց Գրիգորյանը:
Արդյոք վտանգավոր չէ, երբ կարևոր փաստաթղթերի արտահոսք է լինում, հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընդհանրապես լուծված է այդ հարցը:
«Գաղտնիության հետ առնչվում են բոլորը: WikiLeaks-ը դրա վառ օրինակն է, նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել էին լրատվամիջոցներում: Մենք ապահովագրված չենք, բայց աշխատում ենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վտանգը»,- ընդգծեց Գրիգորյանը:
ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով` իրենք ամեն ինչ անում են, որպեսզի որևիցե արտահոսք չլինի և դրա համար կան մեխանիզմներ ու օրենք:
Բրիտանական «BBC»-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանելով Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը: «BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական բացառիկ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ: