Հասարակական

Ռոբերտ Մինասյանը տուրիզմի ոլորտում կադրերի պատրաստման և որակավորման խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Մինասյանը տուրիզմի ոլորտում կադրերի պատրաստման և որակավորման խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարիներ շարունակ պետական մակարդակով չի քննարկվել կադրերի խնդիրը տուրիզմի ոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը:

Մինասյանը անհրաժեշտ է համարում հստակ հայեցակարգի մշակումը` պետությունը ինչպիսի մասնագետներ է ցանկանում տեսնել, այնուհետև այդ ուղղությամբ աշխատանք տանելն ու նման մասնագետների պատրաստելը:

«Տուրիզմի ոլորտում կադրերի խնդիրը ոչ միայն Հայաստանին է մտահոգում, այլ նաև ողջ աշխարհին, որովհետև ժամանակակից տուրիստը փոխվել է, և դրա համար մեր մասնագետները պետք է համապատասխանեն այսօրվա իրողությանը, որպեսզի կարողանան ճիշտ ներկայացնել մեր երկիրը»,- ասաց Մինասյանը:

Տուրիզմի փորձագետը վիրավորական է համարում այն, որ մեծ թվով ոչ կոմպետենտ մարդիկ զբաղվում են տուրիզմով:

« Տուրիզմի մասնագետը պետք է ունենա հատուկ պատրաստություն և լիցենզիա: Շատ երկրներում խիստ է դրված լիցենզիայի հարցը: Օրինակ, եթե Իսրայելում տուրօպերատորը լիցենզիա չունի, նրան կտուգանեն մինչև 10 հազար դոլար կամ կնստեցնեն բանտ: Այսօր տուրիզմի ոլորտում Հայաստանին անհրաժեշտ են որակյալ կադրեր, և մենք պատրաստ ենք այդ խնդիրը լուծել: Հպարտ եմ, որ մեր ինստիտուտի շրջանավարտների 60-65 տոկոսը աշխատում են տուրիստական ոլորտում: Շատերն իրենց ընկերություններ են հիմնել և մեր երկիրը կարողանում են ճիշտ ներկայացնել աշխարհին»,- եզրափակեց Մինասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում