ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն oգոստոսի 2-ին ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը:
Մասնավորապես, քննարկվել են Երևանում և մարզերում թեթև արդյունաբերության, մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի, ժամագործության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող նախագծեր: Առանձին անդրադարձ է կատարվել «Հին Երևանի» և «Ֆիրդուսի» թաղամասերի ծրագրերին:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում աշխատաշուկայի վիճակը և այս առումով կարևորել այնպիսի կրթական ու մասնագիտական ծրագրերի իրականացումը, որոնք անմիջական կապ կունենան աշխատաշուկայի պահանջներին:
Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արդյունաբերական օբյեկտների գործունեությանը: