Տնտեսություն

Գյումրիի ավտոմաքսատունը կշահագործվի հոկտեմբերին 

2 րոպեի ընթերցում

Գյումրիի ավտոմաքսատունը կշահագործվի հոկտեմբերին 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից նոր ավտոմաքսատունը կսկսի գործել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ սպասում են ավտոմեքենաների աննախադեպ հոսքի և նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է:

Հարցին, թե ինչու են ավտոմաքսատունը տեղափոխում հյուսիս՝ Գյումրի, Դավիթ Անանյանն ասաց, որ ակնկալում են, որ այն պետք է լինի նաև արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: «Այս գործառույթը պետք է կենտրոնանա այնտեղ: Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Անանյանը: Միաժամանակ, նա նկատեց, որ մաքսատունը հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհին և այդ առումով էլ հաջողությամբ կգործի: ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կունենա նաև աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում կամ տեղաբաշխման տարբերություն: «Մենք արդեն դասընթացներ ենք հայտարարում, որ անցկացնենք: Կարծում եմ՝ հենց տարածաշրջանից պետք է ընդունենք աշխատակիցներ: Իհարկե, աշխատակիցների մի մեծ բանակ էլ կգործուղվի այնտեղ»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ժամանակ նախագիծը ֆունկցիոնալ առումով այնպես է իրականացվելու, որ այսօրվա կառուցվող ենթահամակարգերը հանդիսանան մեծ համակարգի կամ ենթահամակարգի բաղկացուցիչ: «Հետևաբար, մենք այսօր ազդարարում ենք, որ սա ոչ թե ժամանակավրեպ, հապճեպ ինչ-որ որոշում է այլ պլանավորված արտաքին գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկ, հրատապ ռեժիմով ավտոմաքսատան գործառույթը տեղափոխելու ակնկալիքով»,- ասաց նա:

Մաքսատունը լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կամ այլ կերպ ասած՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման կենտրոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում