Տնտեսություն

Ավտոմաքսատունը տեղափոխվում է Գյումրի. Կառավարությունը հաստատեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

Ավտոմաքսատունը տեղափոխվում է Գյումրի. Կառավարությունը հաստատեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու նպատակովկառավարությունը համապատասխան որոշում ընդունեց: Մասնավորապես, հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ 181 մլն դրամով ավելացնելով եկամուտները և ծախսերը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 181 միլիոն դրամից 41 միլիոնը նախատեսված է մեկ անձից գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման ու հողի հիմքի ձեռքբերման ծառայությունների հետ կապված:

«140 միլիոն նախատեսվում է վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ սարքավորումների ձեռքբերման համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը:

Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:

«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,- նշեց Դավիթ Անանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին Նորագավթի ավտոմաքսատուն այցից հետո ՊԵԿ նախագահին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում