Արցախ

ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ավստրալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ավստրալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը հուլիսի 30-ին հանդիպել է Ավստրալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ավստրալիայի իշխող Ազատական կուսակցության անդամ Էրիկ Աբեթսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ սենատոր Աբեթսի ջանքերը՝ կարևորելով նրա հետևողական դիրքորոշումը մարդկայնության դեմ հանցագործությունների դատապարտման և դրանց կրկնության կանխարգելման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը զրուցակցին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի իշխանությունների դիրքորոշումը՝ տարածաշրջանում վերջնական և տևական խաղաղության հաստատման շուրջ։ ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել նաև Արցախում անկախ և ժողովրդավարական պետականության կերտման, ինչպես նաև տարբեր մակարդակներով արտաքին հարաբերությունների զարգացման գործընթացներում արձանագրված ձեռքբերումներին ու հեռանկարներին։

Այս համատեքստում նախարար Մասիս Մայիլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության մակարդակով տարբեր երկրների հետ հաստատված հարաբերությունները, որոնք հնարավորություն են ընձեռում արտերկրում բարձրացնել իրազեկվածությունը Արցախի և նրա ժողովրդի օրինական ձգտումների և երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների մասին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում