Ադրբեջանը, հաղթահարելով Իրանի ճնշումները, Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 25-ին հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար վերացնելու է վիզային ռեժիմը: Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն դեռ 2007թ. է վերացրել:

Փաստն այնքանով է ուշագրավ, որ 2012թ. սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում նախատեսվում էր Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցի շուրջ վերջանական որոշում կայացնել: Այդ առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե՝ «վիզային ռեժիմի չեղարկման գործընթացը մեծ արագությամբ առաջ է ընթանում»:

Սակայն եթե չլիներ Իրանի կոշտ դիրքորոշումը, Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար դեռ 7 տարի առաջ կչեղարկեր վիզային ռեժիմը:

Խնդիրն այն է, որ հարևան երկրների հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, հատկապես Ադրբեջանի հետ կապված այն չափազանց զգայուն թեմա է Իրանի համար:

Իրանը դեռ 2011թ. միակողմանիորեն Ադրբեջանի քաղաքացիների համար վերացրել էր վիզային ռեժիմը՝ նույնը ակնկալելով Ադրբեջանի կողմից: Սակայն Բաքուն տարբեր պատճառաբանություններով մշտապես խուսափել է նույնն անել ԻԻՀ քաղաքացիների համար:

2012թ. Թուրքիայի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի չեղարկման շուրջ բանակցությունների ձախողումը պայմանավորված էր Իրանի դիրքորոշմամբ: Բանն այն է, որ այդ ժամանակ Իրանը վերջնագիր էր ներկայացրել Ադրբեջանին: Հիմնավորումը հետևյալն էր՝ «Եթե Բաքուն Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկելու է վիզային ռեժիմը, ապա նույնը պետք է անի նաև Իրանի քաղաքացիների համար, հակառակ դեպքում Իրանն Ադրբեջանին կզրկի Նախիջևանի հետ կապ ունենալու հնարավորությունից»:

Այդ շրջանում իրանցի խորհրդարանականներն ու փորձագիտական շրջանակներն Ադրբեջանին հիշեցնում էին, որ եթե արցախյան հակամարտության ժամանակ Իրանը բարի կամք չդրսևորեր, ապա Նախիջևանը հումանիտար աղետի կենթարկվեր: Նրանք միևնույն ժամանակ Իրանի այն ժամանակվա իշխանություններից պահանջում էին վերանայել Նախիջևանի հարցում ԻԻՀ քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի հարցում Իրանի և Ադրբեջանի մոտեցումներին, ապա Ադրբեջանը մինչ օրս խուսափում է Իրանի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը:

Նշենք, որ 2016թ. Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Բաքու կատարած այցից մի քանի օր առաջ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը հայտարարել էր, որ երկու ամսվա ընթացքում Ադրբեջանն Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ կհայտարարի: Սակայն Բաքվում կայացած Ռուհանի-Ալիև բանակցությունների ավարտին Իրանի դեսպանը հայտարարեց, թե՝ «Չեղյալ հայտարարելու փոխարեն՝ Ադրբեջանը հեշտացրել է վիզայի տրամադրման կարգը»:

Այսինքն, ըստ պայմանավորվածության՝ ԻԻՀ քաղաքացիներն ԱՀ մուտք գործելու համար վիզա կարող են ստանալ կամ օդանավակայանում, կամ էլեկտրոնային տարբերակով՝ առանց դեսպանություն դիմելու:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին որոշմանը, նկատենք, որ Իրանը պաշտոնապես դեռ չի արձագանքել: Ասել, թե Թեհրանը նույնքան կտրուկ կարձագանքի, ինչպես 2012-ին էր, քիչ է հավանական:

Նախ, 2012թ. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները չափազանց լարված էին, և ցանկացած նման խնդրահարույց որոշում անմիջապես դառնում էր քննարկման առարկա՝ դրան հետևելով Թեհրանի կոշտ արձագանքը:

Եվ երկրորդ, Իրանը ներկայումս ձեռնպահ կմնա կոշտ դիրքորոշումից՝ մտավախություն ունենալով, որ Բաքուն կարող է ամեն պահի վերանայել իր դիրքորոշումը: Թեև ոչ լիարժեք, այնուամենայնիվ Ադրբեջանը հեշտացրել է ԻԻՀ քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը, որի ուղղությամբ իրանական կողմը շուրջ 4 տարի հետևողական աշխատանքներ է իրականացրել:

Արմեն Իսրայելյան

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA