ՀՀ պետական կառույցների մամուլի պատասխանատուները ծանոթացել են ՄԹ կառավարության հաղորդակցության փորձին
2 րոպեի ընթերցում
![ՀՀ պետական կառույցների մամուլի պատասխանատուները ծանոթացել են ՄԹ կառավարության հաղորդակցության փորձին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/981728.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթի պայմանավորվածության համաձայն՝ կառավարությունում տեղի է ունեցել ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների հանդիպումը նախարարությունների, կառավարության ենթակա մարմինների մամուլի խոսնակների հետ:
Հանդիպումը կրում էր «ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացում» խորագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության մոտեցումներն ու փորձը ռազմավարական հաղորդակցության ոլորտում, ապա դրանց կիրառման վերաբերյալ հանդես եկել օրինակներով: Այնուհետև ներկայացվել են ՄԹ կառավարության և գործընկեր կառավարությունների համագործակցության, հաղորդակցության նպատակով կիրառված օրինակները: Հանդիպման ընթացքում փորձագետների և մամուլի խոսնակների միջև տեղի ունեցել հարց ու պատասխան:
Նախքան սեմինար-քննարկումը կայացել է նաև վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Մարգարիտ Ֆարնոուրթի և պատվիրակության անդամների հետ, որի ընքացքում քննարկվել են տեղեկատվության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: