Տնտեսություն

ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն կարևորում է շուկա մուտք գործող տնտեսավարողների համար մրցակցային բարենպաստ միջավայրի ապահովումը

2 րոպեի ընթերցում

  ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն կարևորում է շուկա մուտք գործող տնտեսավարողների համար մրցակցային բարենպաստ միջավայրի ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանը կարևորում է շուկա նոր մուտք գործող տնտեսավարողների համար բարենպաստ մրցակցային միջավայրի ապահովման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ճաղարյանն ասաց հունիսի 27-ին՝ Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ընթացքում:

«Ես, որպես ՏՄՊՊՀ անդամի թեկնածու, հատկապես կարևորում եմ շուկա նոր մուտք գործող տնտեսավարողների համար բարենպաստ մրցակցային միջավայրի ապահովման անհրաժեշտությունը: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարվող խախտումները պարզապես ցածր իրազեկվածության արդյունք են: Այդ առումով կարևորում եմ տնտեսավարողին բավարար տեղեկատվությամբ ապահովելու անհրաժեշտությունը, մրցակցային օրենսդրության նրբությունների վերաբերյալ հաճախակի քննարկումների կազմակերպումը, շուկայում առկա խոչընդոտներին անդրադարձ կատարելը, և խնդիրների համար արդյունավետ լուծումներ առաջարկելը: Վստահ եմ՝ այդպես կապահովենք տնտեսավարողի կողմից մրցակցային օրենսդրության նկատմամբ առավել պատասխանատու մոտեցումը»,- ասաց Ճաղարյանը:

Էդգար Ճաղարյանը նշեց նաև, որ Գնումների մասին օրենսդրության կատարելագործման և ՏՄՊՀՀ-ն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտություն է տեսնում:

Հանձնաժողովի անդամի թեկնածուն հավելեց, որ բարեխիղճ տնտեսավարողը պետք է իրեն պաշտպանված զգա, իսկ անբարեխիղճը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Էդգար Ճաղարյանի թեկնածությունը առաջադրել է 2 տարի ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում