Տնտեսություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի քանի օրենքների նախագծեր

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի քանի օրենքների նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ նախագծերն ընդունվեցին ԱԺ-ի հունիսի 10-ի արտահերթ նիստում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասիննախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման ուղղությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավորվում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել նույն նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ակտում: Այս պարտավորության իրականացման համար օրենքով սահմանված է ժամկետ՝ մինչև 2019-ի հուլիսի 1-ը, պայմանավորված օբյեկտիվ պատճառներով, ներկայում հնարավոր չէ ապահովել պարտականության իրականացումը, ինչը ստիպում է օրենսդրից հայցել 1 տարվա լրացուցիչ ժամկետ, որ ապահովվի օրենքով սահմանված կարգադրագրերի պատշաճ իրականացումը »,-ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Նախագիծը ստացավ 109 կողմ ձայն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կրկին ներկայացրեց Խաչիկյանը:

Նա նշեց՝ ըստ էության խնդիրն այն է, որ մինչև այս փաստացի գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը օրենսդրական անորոշության պատճառով չի ունեցել իր համարժեք ձևակերպումն օրենսգրքով: «Դրանով պայմանավորված նախագծի շրջանակում առաջարկում ենք ապահովել եզրույթների համապատասխան կիրառումը թե Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգրքով, թե նաև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով», ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր:

Խաչիկյանի խոսքով՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն, ըստ էության, լուծվում է պետական կառավարման համակարգում կարևորագույն մարմիններից մեկի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավական կարգավիճակի հստակեցման հետ կապված հարցը:

Նախագիծը ստացավ 92 կողմ, 15 դեմ ձայներ, ձեռնպահ էր 1 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում