Հարցազրույց

Պետությունն ավելացնում է միջին մասնագիտական հաստատությունների պետպատվերի տեղերը, թարմացվում է մասնագիտությունների ցանկը

9 րոպեի ընթերցում

Պետությունն ավելացնում է միջին մասնագիտական հաստատությունների պետպատվերի տեղերը, թարմացվում է մասնագիտությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ավելանում են նոր մասնագիտություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

-Պարոն Աղբալյան, դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտներից ոմանք նախընտրում են ավագ դպրոցի փոխարեն կրթությունը շարունակել քոլեջներում, ուսումնարաններում: Այդպիսի միտում նկատվո՞ւմ է:

-Այո, կա այդպիսի միտում, նախնական և միջին մասնագիտական հաստատությունների նկատմամբ գրավչությունը մեծացել է: Միայն նախորդ տարի մոտ 800 դիմորդ մրցույթից դուրս է մնացել: Այս տարի ավելի մեծ հոսք ենք կանխատեսում: Կառավարության որոշումը կլինի մոտ օրերին, ես ասեմ, որ այս տարի կունենանք 6 հազար 400 պետպատվերով տեղ միջին մասնագիտական և 3 հազար 400 տեղ արհեստագործական կրթության մասով: Միջին մասնագիտական հաստատությունների հետ կապված պետպատվերով տեղերի թիվն ավելացրել ենք 130-ով: Նախորդ ուսումնական տարում մենք սահմանել էինք 6 հազար 270 անվճար տեղ: Ինչ վերաբերում է արհեստագործական պետական ուսումնական հաստատություններին, ապա այստեղ պետպատվերի տեղերը բավարարում են:

-Ինչո՞վ է պայմանավորված, որ քոլեջների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, մի ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատություն գնալն էր տարածված:

-Կարծում եմ, որ ճիշտ չէ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համեմատելը, որովհետև քոլեջներ ընդունվում են հիմնականում հիմնական կրթության հիմքով: Գրավչությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով: Ավագ դպրոցի փոխարեն նախընտրում են նախնական և միջին մասնագիտական կրթություն, որովհետև ուսման տևողությունը հիմնականում նույնն է, նույն հնարավորությունն են ունենում բուհի մուտքի համար, դրանից բացի, ստանում են մասնագիտական որակավորում: Ամեն դեպքում եթե նայենք քոլեջից բուհ ընդունվողների կառուցվածքում, ապա մեծ թիվ չի կազմում: Նրանցից 10 տոկոսն է ցանկանում քոլեջից հետո կրթությունը բուհում շարունակել: Հիմնական մասը դուրս է գալիս աշխատաշուկա աշխատելու: Ուսանողն անվճար ստանում է կրթություն, մասնագիտություն, որակավորում և արագ իր տեղն է գտնում աշխատաշուկայում:

-Իսկ ո՞ր մասնագիտություններն են պահանջված:

-Պահանջված մասնագիտություններին երկու տեսանկյունից նայենք: Մասնագիտություններ, որոնք պահանջված են երեխաների ու նրանց ծնողների շրջանում, և մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում: Շատ հաճախ առանձնացվում են մասնագիտություններ, որոնք աշակերտների շրջանում պահանջված են, սակայն աշխատաշուկայում պահանջված չեն: Մասնավորապես, հաշվապահական հաշվառում, բանկային գործ, ֆինանսներ և այլն: Նշված ուղղություններով գործատուները հիմնականում բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածներին են վերցնում: Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ այն մասնագիտությունները, որոնք շուկայում այդքան էլ պահանջված չեն, դրանց պետական պատվերն անհամեմատ իջեցվեն: Զարկ ենք տվել այն մասնագիտություններին, որոնք շուկայում պահանջարկ ունեն:

-Ի՞նչ մասնագիտությունների մասին է խոսքը, ո՞ր ուղղություններին եք նախընտրություն տալիս:

-Մենք նախապատվությունը տալիս ենք կառավարության կողմից սահմանված գերակա ուղղություններին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, տուրիզմ և սպասարկման ոլորտ և այլն: Եթե երեք-չորս տարիների կտրվածքով նայենք, ապա այս ուղղություններով մասնագիտությունների պետպատվերի տեղերն ավելացրել ենք: Բացի այդ նոր մասնագիտություններ ենք ներդնում: Օրինակ, այս տարի Երևանի N2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդնում ենք սառնարանային տնտեսության մասնագիտություն: Այն նոր է, արդյունքում ունենալու ենք սառնարանների, օդափոխման համակարգերի տեխնիկ որակավորմամբ մասնագետներ: Չափորոշիչները պատրաստել ենք, սարքավորումները ներկվել են, հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են, սեպտեմբերի 1-ից ընդունելություն կիրականացնենք: Հաջորդ մասնագիտությունը կոչվում է չոր շինարարություն, ինչը վերաբերում է ներքին հարդարման աշխատանքներին գիպսաստվարաթղթի կիրառմամբ և այլն: Հաջորդ մասնագիտությունը կոչվում է ծխախոտագործություն, որը սկզբում ներդնելու ենք Մասիսի տարածաշրջանում: Հետո այլ մարզերի քոլեջներում կներդնենք:

-Այս մասնագիտությունների մասին դուք բիզնեսի՞ց եք ազդակներ ստացել:

-Իհարկե, և ոչ միայն: Բիզնեսից, տարբեր ծրագրերից, տարբեր մոնիտորինգներից, մեր ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններից:

-Դուք նշեցիք, որ աշխատաշուկային, գործատուներից եկած ազդակներին ընդառաջ եք գնում, վերաթարմացնում ենք մասնագիտությունները քոլեջներում, արհեստագործական հաստատություններում: Իսկ շրջանավարտներից արձագանք կա՞: Որքանո՞վ են նրանք տեղեկացվում շուկայում պահանջված մասնագիտությունների մասին, որ ընտրությունը կանգ առնի դրանց վրա:

-Նախորդ տարվանից Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աջակցությամբ պետական բյուջեի միջոցներով միջին մասնագիտական, արհեստագործական հաստատություններում ստեղծեցինք կարիերայի կենտրոններ, այս տարի այդ ծրագիրը ևս շարունակվեց: Այդ կարիերայի կենտրոններն անցել են վերապատրաստում, ունեն հստակ ծրագրեր և հարակից դպրոցների շրջանում իրականացնում են կարիերայի ուղղորդման աշխատանքներ: Կապը կա դպրոցների հետ: Չեմ կարող ասել, որ հաստատություններն ամբողջական շուկայի պահանջարկից բխող մասնագետներ են պատրաստում, որովհետև դա ժամանակատար գործընթաց է: Ամեն դեպքում մենք կհասնենք այդ արդյունքին: Բայց մի բան կուզեմ ավելացնել, աշխատաշուկայի ամբողջական ուսումնասիրություն դեռ չկա, որն էլ խոչընդոտում է երկարաժամկետ պլանավորման գործընթացին:

-Խոսեցինք մասնագետների վերաթարմացման մասին, իսկ դասավանդումների բովանդակային մասով ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում: Ժամանակին գործատուներից կար դժգոհություն այն մասին, որ քոլեջներից եկած շրջանավարտներին իրենք նորից վերապատրաստում են աշխատանքի ընդունելու համար:

-Այո, կար այդպիսի խնդիր: Ասեմ, որ մասնագիտական կրթական չափորոշիչները վերանայելիս մենք պարտադիր դիմում ենք տարբեր գործատուներին, միություններին ու փորձում ենք համատեղ անել այդ աշխատանքը: Այլ բան է, որ այս գործատուի կազմած չափորոշիչը կարող է մեկ այլ գործատուի չբավարարի: Մյուս կողմից շատ կարևոր բան է պրակտիկան: Նախկինում եթե տեսականը շատ է եղել, քան գործնականը, իսկ գործնականն իրականացվել է հիմնականում հաստատության ներսում, ապա հիմա իրավիճակն այլ է: Հիմա արդեն փորձարարական կարգով որոշ հաստատություններում ներդրված դուալ կրթական համակարգում մինչև 70 տոկոս շեշտը դրվում է պրակտիկայի վրա: Ի դեպ, պետական որակավորմանը մասնակցում է նաև գործատուն և փորձում է մասնագետներ ընտրել: Ասեմ, որ ունենք շատ լավ փորձ այդ տեսանկյունից:

-Պարոն Աղբալյան, ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք այս կամ այն հաստատությունների դեպքում օրակարգային են և հրատապ լուծում են պահանջում, կապված թե վերազինման, թե շենքային պայմանների հետ:

- Գործող մոտ 100 կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններից կան հաստատություններ, որոնց շենքային պայմանները բարենպաստ չեն, ջեռուցման համակարգ չկա, նյութատեխնիկական բազայի խնդիր ունեն: Մինչև 40 հաստատություն վերանորոգման, վերազինման կարիք ունեն: Բայց այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում է և տարբեր ծրագրերով, ըստ առաջնահերթության, խնդիրները լուծվում են:

Աննա Գզիրյան

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Հարցազրույց

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Քաղաքականություն

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում