Կարծիքներ

Սահմանադրագետը դատական համակարգի առողջացումը տեսնում է բացառապես փուլային տարբերակով

3 րոպեի ընթերցում

Սահմանադրագետը դատական համակարգի առողջացումը տեսնում է բացառապես փուլային տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը դատական համակարգի առողջացման ծրագիրը տեսնում է բացառապես փուլային տարբերակով՝ դատական համակարգի արջև կոլապսի չկանգնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Այվազյանն ասաց, որ դատական համակարգը բուժելու համար որևէ գործընթաց չպետք է դուրս լինի սահմանադրական և իրավական կարգավորման տրամաբանությունից:

Այվազյանը նշեց, որ անցումային արդարադատությունը և վեթինգը գործող իրավակարգավորումների շրջանակներում չեն կարող կենսունակ լինել: «Պատկերացրեք մենք ունենք վեթինգային հանձնաժողով, որը վեթինգի է ենթարկում որևէ դատավորի: Հիմա դատավորը պետք է օգտվի Սահմանադրությամբ իրեն վերապահված մարդու իրավունքներից և եթե վեթինգային հանձնաժողովը դիտարկվի որպես պետական մարմին, ապա այդ պետական մարմնի գործողությունները պետք է բողոքարկվեն վարչական դատարանում: Այսինքն՝ դարձյալ ընկնում ենք վեթինգի և դատական իշխանության փակ շրջափուլի մեջ»,-պարզաբանեց նա:

Սահմանադրագետն ասաց, որ ԱԺ մեծամասնության քվեարկությամբ պետք է փոփոխություններ արվեն Սահմանադրության 213, 215 անցումային դրույթներում, ընդ որում՝ այս դրույթների փոփոխությունների համար բացարձակապես հանրաքվե պետք չէ: «Դա բացառապես կատարում է Ազգային ժողովը և պետք է մտցվի հետևյալ իրավակարգավորումը, որ դատական համակարգի, ներառյալ նաև Սահմանադրական դատարանի այն բոլոր դատավորները, որոնք նշանակվել են մինչև 2015 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելը, պետք է վերանշանակման գործընթաց անցնեն գործող Սահմանադրության և գործող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումներով, ինչը հնարավորություն կտա նույն դատավորներին նորից պայքարել իրենց պաշտոնների համար»,-ասաց նա:

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում