Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչև այլ հարկերի կրճատում. պատգամավորները օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ
7 րոպեի ընթերցում
![Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչև այլ հարկերի կրճատում. պատգամավորները օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/975216.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն մի քանի ամիս բուռն քննարկումների առիթ է դարձել մասնագիտական շրջանակներում։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորները ևս ունեն իրենց դիտարկումները՝ հարկատեսակների հնարավորինս պարզեցում, մի քանի տարի հետո կրկին անցում պրոգրեսիվ եկամտային հարկման, գինու ակցիզային հարկի նվազեցում և այլն: «Արմենպրես»-ը այս թեմայով զրուցել է ԱԺ երեք խմբակցությունների տնտեսագետ պատգամավորների հետ:
Նախագծով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը գրեթե նույն տեսակետներն ունեն: Բագրատյանը կողմ է համահարթեցմանը՝ նշելով, որ այս պահին կա անհրաժեշտություն, որ ստվերից դուրս գան աշխատողներ: Սակայն կարծում է, որ համահարթեցումը պետք է կրի ժամանակավոր բնույթ: «Կառավարությունը կորոշի՝ երկու կամ երեք տարուց հետո նորից պետք է անցում կատարվի պրոգրեսիվ հարկման: Պրոգրեսիվության արդյունքում շատ ստացողը ավելի շատ կվճարի, քիչ ստացողը՝ քիչ»,-նշեց Բագրատյանը:
Գուրգեն Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանում եկամտային հարկը շատ բարձր է, և Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող համահարթեցումը դիտարկում է հետագայում նորից ավելի ցածր դրույքաչափերով պրոգրեսիվ հարկման անցնելու միջոց: «Համահարթեցման միջոցով եկամտային հարկը պետք է հասցնենք 20 տոկոսի, հետագայում անցնենք պրոգրեսիվի, իսկ ստորին շեմի համար պետք է սահմանվի շատ ավելի ցածր դրույքաչափ»,-նշեց պատգամավորը:
Խմբակցության կողմից նաև ներկայացվել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը չհարկվի:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի կարծիքով՝ եկամտային հարկի համահարթեցումն առանձին վերցրած անհաջող լուծում է, սակայն ընդհանուր կոնտեքստի մեջ՝ հոյակապ: «Մենք արդեն գնում ենք ոչ թե եկամուտների հարկմանը, այլ հարստության հարկմանը: Այս փոփոխություններին կհաջորդեն այլ փոփոխություններ՝ կապված գույքահարկի հետ: Այսինքն՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում թե եկամտային հարկը, թե շահութահարկը կնվազի, փոխարենը կլինի գույքահարկ»,-նշեց նա։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մյուս առաջարկը հետևյալն է՝ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացած մարդու համար օրենսգիրքը պետք է պարզ լինի: Պատգամավորն առաջարկում է, բացի խոշորներից, մնացած բոլոր տնտեսավարողների համար կիրառել շրջանառության հարկ:
«Դա նշանակում է, որ քաղաքացին հասկանում է, որ եթե ինքը պայմանական 100 դրամի ինչ-որ ապրանք վաճառեց, ապա դրա 10 դրամը պետք է մուծի պետությանը: Քաղաքացին, ով ցանկանում է փոքրիկ խանութ ունենալ, ինչու պետք է այդքան հարկատեսակներ իմանա, ուսումնասիրություն կատարի: Աշխարհում ընդունված է շրջանառության հարկը կիրառելը: Այն շատ պարզ հարկատեսակ է»,-ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ հետագայում կարելի է անցում կատարել Բագրատյանի առաջարկին, սակայն այս պահին նպատակահարմար չի համարում, քանի որ խնդիր է տեսնում արտահանողների համար, նշում է՝ շրջանառության հարկ վճարողների համար արտահանումը բարդանում է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն առաջարկվող նախագծում տեսնում է նաև այլ խնդրահարույց դրույթներ, որոնցից մեկն էլ նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումն է: Նրա կարծիքով, օրինակ, ծխախոտի կամ ալկոհոլային խմիչքների գնի բարձրացումը էական ազդեցություն չի ունենալու վնասակար օգտագործելիության վրա: Բաղդասարյանը նաև չի հասկանում տեղական գինու ակցիզային հարկը բարձրացնելու նպատակը: «Ցանկացած գինեգործ՝ ընդհուպ մինչև տնային գինեգործ պետք է հասկանա, որ դաշտում մնացած խաղողը վերջնական սպառող է ունենալու՝ թեկուզ գինու տեսքով: Նա պետք է իմանա, որ այն խաղողը, որը չի կարողանում վաճառել, եթե գինի սարքի, վաճառելու խնդիր չի ունենա»,-ասաց Բաղդասարյանն ու նշեց, որ խմբակցության անունից առաջարկել են գինու ակցիզային հարկը 50 տոկոսով իջեցնել:
Այս տեսակետը, սակայն, չի կիսում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը: «Եվ խմիչքների, և ծխախոտի համար ակցիզային հարկերը պետք է բարձրանան, քանի որ պետք է բյուջե ունենանք, որից կախված է նաև երկրի անվտանգությունը, պաշտպանվածությունը: Այսինքն, երբ իջեցնում ենք եկամտային հարկը, միկրոբիզնեսի համար 24 մլն դրամ չհարկվող շեմ ենք դնում, առաջացած ճեղքը պետք է ինչ-որ ձևով փակենք: Եվ ավելի լավ է փակենք այն բաների հաշվին, որոնք առողջության համար վնասակար են»,-ասաց նա:
Գուրգեն Բաղդասարյանը ողջունում է նախագծով առաջարկվող շրջանառության հարկի շեմի բարձրացումը՝ 115 մլն դրամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նաև առաջարկում է, որ գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման հարցը չդիտարկեն Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում: «Դա շատ լուրջ հարց է, և կարծում եմ, որ դրա քննարկումը պետք է մանրամասն ու առանձին լինի»,-հիմնավորեց Բաղդասարյանը: Նա նշեց, որ ինքն ավելի լուրջ սպասելիքներ է ունեցել և առաջարկվողն անվանում է դրույքաչափերի փոփոխության օրենսգիրք:
Իսկ Սերգեյ Բագրատյանը չի տեսնում հիմնավորվածությունը,թե օրենսգիրքը միտված է արտահանման ճյուղերի եկամտաբերության բարձրացմանը: «Եթե ուզում ենք թռիչքաձև զարգացում, պետք է դրան համարժեք օրենսդրություն ունենանք: Պետք է առաջ գնալ ոչ թե կոսմետիկ, այլ ռիսկային փոփոխություններով»,-նշեց նա:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայացված է հանձնաժողովների քննարկմանը: Օրինագծով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, հետո տարեցտարի նվազեցնելով հասցնել 20 տոկոսի:
Աննա Գրիգորյան