Բլոկչեյն, արհեստական բանականություն և թվային փող. ֆինանսական համակարգի նոր դարաշրջանը
9 րոպեի ընթերցում

Այսօրվա թվային աշխարհում, ուր տեղեկատվությունը վայրկյանների ընթացքում աշխարհի մի ծայրից մյուսն է հասնում, իսկ արհեստական բանականությամբ արդեն գործում են ինքնավար մեքենաներ, միջազգային դրամական փոխանցումները դեռևս շատ դանդաղ են ու ծախսատար և հաճախ՝ սահմանափակ հասանելիությամբ։ Ինչպիսի՞ նոր հնարավորություններ են ստեղծում բլոկչեյն տեխնոլոգիան և թվային փողը միջազգային փոխանցումների համակարգի վերաձևավորման համար, և ինչպես կարող են դրանք լրացնել գործող ենթակառուցվածքի սահմանափակումները։
Այս թեմայով ներկայացնում ենք զրուց Doing Digital Forum-ի Բլոկչեյն գործընկեր aeda ընկերության հիմնադիր Արթուր Կարճիկյանի հետ, ով ներկայացնում է հաջորդ սերնդի վճարային համակարգերի վերաբերյալ իր տեսլականն ու aeda wallet-ի դերն այդ ամենում։
-Ի՞նչ խնդիրներ կան ներկայիս համաշխարհային վճարային համակարգերում:
-Տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում միջազգային դրամական փոխանցումները շարունակում են մնալ դանդաղ, ծախսատար և շատերի համար սահմանափակ հասանելիությամբ։ Ներկայում նման փոխանցումների զգալի մասը իրականացվում է SWIFT համակարգի միջոցով, որը միավորում է աշխարհի հազարավոր ֆինանսական հաստատություններ ավելի քան 200 երկրներում։
SWIFT-ը և թղթակցային բանկային ենթակառուցվածքը ձևավորվել են մոտ հինգ տասնամյակ առաջ։ Չնայած ինտերֆեյսների և օգտատերերի փորձի զարգացմանը, հիմնական փոխհաշվարկային մեխանիզմները էական փոփոխությունների չեն ենթարկվել։
Այս ենթակառուցվածքից օգտվող երեք հիմնական կողմերը՝ բանկերը, բիզնեսները և անհատները, կրում են դրա սահմանափակումների հետևանքները։ Բանկերը նախապես տեղաբաշխում են կապիտալ թղթակցային հաշիվներում, որը հաճախ մնում է պասիվ և չի օգտագործվում արդյունավետ կերպով։
Բիզնեսները հաճախ սպասում են 3-5 օր միջազգային փոխանցումների կատարմանը՝ փոխանցման ընթացքում ներգրավված միջանկյալ բանկերի պատճառով կրելով լրացուցիչ ծախսեր և միջնորդավճարներ։
Անհատները, օրինակ արտերկրում աշխատողները, ովքեր իրենց եկամուտը փոխանցում են ընտանիքներին, հաճախ բախվում են համեմատաբար բարձր միջնորդավճարների՝ երբեմն հասնելով 5-8 տոկոսի, սահմանափակ այլընտրանքների պայմաններում։ Սա հիմնականում պայմանավորված է ոչ թե փոխանցումների ռիսկայնությամբ, այլ փոխանցումների գործող ենթակառուցվածքի ծախսատարությամբ։
Սա տեխնոլոգիական խնդիր չէ, քանի որ տեխնոլոգիան արդեն գոյություն ունի։ Սա ենթակառուցվածքային խնդիր է, և հենց դա է պետք փոխել։
-Գործնականում ինչպիսի՞ն է հաջորդ սերնդի վճարային ենթակառուցվածքը։ Ո՞րն է Ձեր տեսլականը։
-Վերջին տարիներին առաջ եկան այն երեք հիմնական տեխնոլոգիաները, որոնք ոչ միայն վերափոխում են, այլ ստեղծում են նոր մոդելի ենթակառուցվածքներ՝ նոր հնարավորություններով։
Առաջինը՝ թվային փողն է։ Եվրոյի և դոլարի թվային թոքենները (ստեյբլքոյններ), որոնք ապահովված են իրական արժույթներով, կարող են հաշվարկվել զգալիորեն ավելի արագ՝ հաճախ վայրկյանների ընթացքում, ոչ թե օրերի։ Դրանք ծրագրավորվող հաշվարկային գործիքներ են, որոնց կիրառությունը աստիճանաբար ընդլայնվում է։
Կարգավորման տեսանկյունից շուկան դեռ ձևավորման փուլում է․ մի շարք թողարկողներ ԱՄՆ-ում և Եվրոպայում արդեն գործում են համապատասխան իրավական շրջանակներում։
Երկրորդը՝ բլոկչեյնի միջոցով ձևավորվող ուղիղ կապուղիներն են։ Փոխանակ փոխանցումներն անցնեն մի քանի թղթակցային բանկերով, որոնցից յուրաքանչյուրը ավելացնում է ժամանակ և ծախսեր, լիցենզավորված ֆինանսական հաստատությունները կարող են միանալ ուղիղ կրճատելով միջանկյալ օղակների քանակը։ Սա, իր հերթին, կարող է նպաստել ծախսերի և ժամանակային ուշացումների կրճատմանը։
Երրորդը՝ արհեստական բանականությունն է։ Համակարգը կարող է իրական ժամանակում վերլուծել փոխանցման տարբեր ուղիները և ընտրել առավել արդյունավետ տարբերակը՝ հաշվի առնելով արագությունը, ծախսերը և հուսալիությունը։ Այն նաև նպաստում է ռիսկերի գնահատման բարելավմանը, խարդախությունների հայտնաբերմանը և գործընթացների ավտոմատացմանը։
Այս երեք գործոնների համադրությամբ փոխանցումների ենթակառուցվածքը աստիճանաբար վերափոխվում է՝ դառնալով ավելի տվյալահեն ցանցային համակարգ, որտեղ արհեստական բանականությունն օգնում է օպտիմալացնել փոխանցումների ուղիները։
-Ինչպիսի՞ կառուցվածքային խնդիրներ է այսօր առաջացնում ֆրագմենտացիան տարբեր երկրների և ֆինանսական համակարգերի միջև, և ինչպե՞ս է դա սահմանափակում ուղիղ կապերի ձևավորումը։
-Խնդիրը կառուցվածքային է և գնալով ավելի խորանում է։ Այսօր հաճախ երկու լիցենզավորված ֆինանսական հաստատություններ սահմանի տարբեր կողմերում չեն կարող ուղղակիորեն կապ հաստատել․ երկու կողմում էլ կան հարթակներ և հաճախորդներ, սակայն դրանց միջև կամուրջ չկա։ Ֆրագմենտացիան խորանում է, քանի որ բանկերը դուրս են գալիս որոշ միջանցքներից՝ ծախսերի և ռիսկերի պատճառով, կարգավորիչ պահանջները բարդանում են, իսկ գործող համակարգերը դժվար են ինտեգրվում միմյանց հետ։
Որպես օրինակ կարելի է դիտարկել ԵՄ և ԱՄՆ, Արևելյան Եվրոպա ու Կենտրոնական Ասիա միջանցքները, որտեղ պահանջարկը կա, սակայն այն սպասարկող ենթակառուցվածքը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ։ Երբ այս մասնատվածությունը հաղթահարվում է, բացվում են նոր կապեր, բիզնեսները հասնում են նոր շուկաների, իսկ անհատները՝ ավելի լայն ֆինանսական հասանելիության։
-Ի՞նչ պետք է կարգավորողները, ավանդական բանկերը և ներդրողները հասկանան թվային փողի և հաջորդ սերնդի վճարային ենթակառուցվածքների մասին, և ո՞րն է այդ ամենում aeda-ի դերը։
-Թվային փողը, արհեստական բանականությունը և բլոկչեյն հաշվարկային տեխնոլոգիաները այլևս միայն զարգացող երևույթներ չեն․ դրանք արդեն աստիճանաբար ինտեգրվում են ֆինանսական համակարգերում։ Այս փոփոխությունը հաճախ նկարագրվում է որպես FinTech 3.0՝ անցում դեպի ավելի ծրագրավորվող, տվյալահեն և «onchain» դրամապանակների վրա հիմնված ֆինանսական և հաշվարկային ենթակառուցվածքներ։
Այս համատեքստում ձևավորվում է նաև նոր ենթակառուցվածքային շերտի անհրաժեշտություն, որը կարող է ապահովել տարբեր ֆինանսական համակարգերի միջև ավելի անմիջական և արդյունավետ փոխգործակցություն՝ հատկապես այն միջանցքներում, որտեղ նման կապերը պատմականորեն սահմանափակ են եղել։
Մենք կառուցում ենք aeda-ն որպես դրամապանակ, ենթակառուցվածքային շերտ՝ ԵՄ, ԱՄՆ և Արևելյան Եվրոպա ու Կենտրոնական Ասիա տարածաշրջանների միջև, հնարավորություն տալով դրանց անմիջականորեն կապվել միմյանց հետ՝ առանց թղթակցային շղթայի, նպաստելով ֆինանսական համակարգերի միջև կապերի պարզեցմանը և բազմաշերտ գործընթացների բարդության նվազեցմանը։
Առաջիկա երկու-երեք տարիներին կառուցվող ենթակառուցվածքն է որոշելու, թե ինչպես է թվային գումարը շարժվելու սահմաններից դուրս հաջորդ տասնամյակում։ Մենք նպատակ ունենք լինել այդ գործընթացի նշանակալի մասնակից։
Doing Digital Forum-ը, որն այս տարի կրում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագիրը, կանցկացվի ապրիլի 8-ին Երևանում՝ Դվին հոլում։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։