Հասարակական

Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և հոր կողմից Սերգեյ Մխիթարյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և հոր կողմից Սերգեյ Մխիթարյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և հոր` Լևոն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացի Սերգեյ Մխիթարյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և, իհարկե, Լևոն Ջուլֆալակյանի կողմից չի եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապօգնություն և տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։

Կրկնում եմ` իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը»,- գրել է Ջուլֆալակյանը:

Սերգեյ Մխիթարյանի հայտարարության համաձայն` Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները մայիսի 5-ին ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում