Հասարակական

Կոռուպցիոն ռիսկերի բացառում, հավասարության սկզբունքի ապահովում. ներդրվում է առաջին դասարանցիների ընդունելության նոր առցանց համակարգ

4 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն ռիսկերի բացառում, հավասարության սկզբունքի ապահովում. ներդրվում է առաջին դասարանցիների ընդունելության նոր առցանց համակարգ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության նոր առցանց համակարգը լուծելու է ոլորտում առկա մի շարք խնդիրներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Տարիներ շարունակ Երևանում առաջին դասարանցիների ընդունելության հետ կապված խնդիրներ են լինում: Խախտվում էր հավասարության սկզբունքը: «Իքս» դպրոց ծնողը չէր կարողանում երեխայի ընդունելության համար դիմել նույնիսկ ուսումնական տարվա մեկնարկից մեկ տարի առաջ: Դպրոցի տնօրենն ասում էր տեղ չկա: Հիմա նոր համակարգով ծնողը ինքը կտեսնի, արդյո՞ք իրականում այդ դպրոցում տեղ կա, թե ոչ»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Դրանից բացի, համակարգը բացառելու է կոռուպցիոն ռիսկերը: Եթե ժամանակին ինչ-ինչ պայմանավորվածությունների պարագայում օրենքով սահմանված տարիքից փոքր երեխային հնարավոր էր տեղավորել դպրոցում հիմա դա չի լինելու: Համակարգը պարզապես թույլ չի տալու:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ծնողը ինքն է ընտրելու, թե իր երեխան, որ դպրոց գնա: Օրինակ, եթե ծնողի նախընտրած դպրոցում ամեն դեպքում տեղերը լրացված են, ապա դա ամենևին չի նշանակում, որ համակարգը երեխային ավտոմատ տեղավորում է մեկ այլ տեղ:

«Ոչ նման բան չկա: Եթե ծնողի նախընտրած դպրոցում տեղերը սահմանափակ են, ապա նա կարող է իրենց տարածքում այլ դպրոցի դիմել: Համակարգը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում առկա բոլոր դպրոցներին: Ի դեպ, մի հարցի մասին էլ նշեմ, դպրոցներում երեխաների ընդունելության համակարգի մեկնարկի ժամկետ կսահմանվի, օրինակ մայիսի 15-ը, որից հետո այն բաց է լինելու, այսինքն՝ ծնողը երբ ցանկանա այն ժամանակ հանգիստ կարող է ընտրել դպրոցը, ժամկետի սահմանափակում չի լինելու»,-ասաց Արտակ Պողոսյանը:

Արտակ Պողոսյանը նշեց, որ այս փուլում շատ կարևոր է, որ ծնողներն իրենց տվյալները ստուգեն համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայքը: Այդտեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

«Արդեն կա խնդիր, որ ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստանում է պատասխան, որ նման համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվել: Խնդիրն այն է, որ համարանիշի տրամադրման գործընթացը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղափոխվել Ոստիկանություն, ձևավորվել է բնակչության միասնական ռեգիստրը, և կան վաղուց ստացված սոցքարտեր, որոնք հետագայում չեն օգտագործվել, դրանք ուժը կորցված են համարվել: Դա հեշտ լուծելի խնդիր է, դիմելով անձնագրային ցանկացած բաժին, 10 րոպեի ընթացքում կստանան»,-ասաց Արտակ Պողոսյանը: Նա ընդգծեց, որ շատ կարևոր է մինչև մայիսի 15-ն այդ խնդիրը լուծվի:

Ինչ վերաբերում է այն ծնողներին, ովքեր Հայաստանում չեն, ապա Արտակ Պողոսյանը նշեց, որ գործընթացը կարող են կազմակերպել լիազորագրով: Արտակ Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում