Հասարակական

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարելՄերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։

Բանաձևում նշվում է, որ 1915֊ի ապրիլի 24֊ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։

«Օսմանյան իշխանության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջումը պատմաբանների միջազգային հանրության կողմից համարվում է 20֊րդ դարի առաջին ցեղասպանությունը»,֊ ասված է տեքստում։

Պորտուգալիայի խորհրդարանը ցավ է հայտնում հայերի ցեղասպանության զոհերի կապակցությամբ՝ նրանց հիշատակը դիտարկելով որպես ժողովուրդների հաշտեցման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության էական տարր։ Բանաձևում նաև նշվում է, որ թեև օսմանյան ռազմական դատարանները ցեղասպանության կազմակերպիչներին 1919-1920֊ին դատապարտել են մահապատժի, սակայն այդ դատավճիռները կյանքի չեն կոչվել։ Խորհրդարանը հայտարարում է, որ հաշվի առնելով աշխարհում ազգայնականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ներկա մակարդակը, անցյալի տառապանքի հիշողությունն էական նշանակություն ունի։

Այսկերպ խորհրդարանը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հանձնառությունը և ընդգծում է ժողովուրդների, կրոնների, մշակույթների և քաղաքակրթությունների միջև երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Բանաձևում նշվում է նաև, որ նույն ցեղասպանության քաղաքականության զոհ են դարձել նաև Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում