Տնտեսություն

Իրանի շուկա մուտքի բարելավումը լուրջ խթան է ԵԱՏՄ երկրների տնտեսական ակտիվության համար. Տիմուր Մաքսիմով

2 րոպեի ընթերցում

 Իրանի շուկա մուտքի բարելավումը լուրջ խթան է ԵԱՏՄ երկրների տնտեսական ակտիվության համար. Տիմուր Մաքսիմով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը կարող է լուրջ խթան լինել Հայաստանի տնտեսության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը: Նա կարևորեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված աշխատանքները և նշեց, որ լավագույն օրինակներից է, թե ինչպես ԵԱՏՄ միջազգային ակտիվությունը կարող է իր ներդրումն ունենալ անդամ երկրների զարգացման գործում:

«Իրանական շուկա մուտքի հնարավորությունների բարելավումը կարող է խթան հանդիսանալ տնտեսական ակտիվությանը: Իրանն աշխարհում մեծ տնտեսություն, մեծ թվով բնակչություն ունեցող երկրներից է, իսկ դա նշանակում է, որ այդտեղ խոսքը սպառման հսկայական ծավալների մասին է: Մենք տեսնում ենք, որ Իրանի նկատմամբ կիրառվող արտաքին գործոններով պայմանավորված խոչընդոտներ են լինում, սակայն ԵԱՏՄ-ն ակտիվորեն աշխատում է ազատ առևտրի գոտու ձևավորման ուղղությամբ»,-ասաց նա:

Տիմուր Մաքսիմովը նկատեց, որ Հայաստանը շահեկան դիրքերում է՝ Իրանի հետ ունենալով ընդհանուր սահման, և տրանսպորտային միջանցք: Դա հնարավորություն կտա Իրանի հետ միության առևտրաշրջանառության ծավալն ավելացնել Հայաստանի տարածքով:

«Երբ ավարտվի միության անդամ երկրների ներսում համաձայնագրի վավերացման ընթացակարգերը, հույս ունեմ կտեսնենք կոնկրետ արդյունքներ: Նորից եմ կրկնում, կա հսկայական պահանջարկ, և ԵԱՏՄ-ն կարող է այն բավարարել»,-ասաց նա:

ՀՀ Ազգային ժողովը մարտի 27-ին ընդունեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում