Տնտեսություն

Ստեղծվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ». այն կզբաղվի 10 մլն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ

2 րոպեի ընթերցում

Ստեղծվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ». այն կզբաղվի 10 մլն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հիմնադրամի նպատակն օտարերկրյա ներդրումների իրականացմանն աջակցելն է: «Այս կառույցը կզբաղվի, հավանաբար, 10 միլիոն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ։ Որակապես նոր քայլ ենք կատարում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Այս հիմնադրամը պետք է ուղեկցի նման նշանակալի ներդրումների իրականացումը:

Ֆոնդը իր նախաձեռնությամբ պետք է քննարկման առարկա դարձնի այնպիսի ծրագրեր, որոնք կարող են իրենց շուրջ հավաքել տարբեր մասնավոր եւ տարբեր ներդրումային ֆոնդերի հետաքրքրությունը առաջացնող ծրագրեր եւ նպաստի դրանց առաջխաղացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերություն ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով:

Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում