Պատերազմի «ադրբեջանական մեթոդները». պատմում են Մարաղայի ջարդերի ականատեսները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարաղան Արցախի ամենամեծ և հարուստ գյուղերից մեկն էր։ 1989թ. տվյալներով՝ գյուղում շուրջ 5000 հայ էր բնակվում, գործում էին մի քանի գործարաններ, զարգացած էր խաղողագործությունը։ Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի ջարդերից հետո հարձակումները խաղաղ բնակչության վրա ավելի մեծ թափ էին առել՝ ստիպելով մեծ մասին լքել հայրենի գյուղը։ 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի ՊՆ, ՆԳՆ և ՕՄՕՆ-ի զորքերը հարձակվեցին 118 խաղաղ բնակչի վրա, որոնք չէին կարողացել լքել Մարաղան։ 5-6 ժամվա ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները սպանեցին մոտ 50 և պատանդ տարան գրեթե նույնքան խաղաղ բնակչի, այդ թվում՝ կանանց, երեխաների, ծերերի, որոնց մեջ կային նաև հաշմանդամներ։ Այս տվյալները հաստատված են նաև Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից: Կոտորածից փրկվածների մի մասն արտասահմանում է, իսկ մյուսները հիմնադրել են Նոր Մարաղան, որտեղից այժմ տեսանելի է իրենց գյուղը… Արցախյան գոյապայքարի հետ կապված հիշողությունները մարաղացիների դեպքում ցավոք լի են իրենց հարազատների դաժան սպանությունների պատկերներով:

Պատմում են Մարաղայի կոտորածի ականատեսներ Ծովինար Գրիգորյանը և Էլմիրա Սահակյանը:

***

Ծովինար Գրիգորյանն ապրում էր Մարգուշևան գյուղում, որը Մարաղայից մոտ 2 կմ հեռավորության վրա էր։ Ամուսինը ինքնապաշտպանական ջոկատում կամավոր էր։ Ապրիլի 10-ին, երբ ամուսինը հայտնել է, որ այլևս չեն կարողանում դիմադրել, Ծովինարը, սկեսրայրը, տալն ու նրա երեխաները Մարգուշևանից ոտքով հասել են Մաղավուզ, որպեսզի կարողանան փրկվել։ «Առաջինը Մարաղա են մտել։ Մարգուշևանից որոշ չափով կարողացել էին դուրս գալ բնակիչները, բայց ովքեր մնացել էին՝ բոլորը սպանվել են»,- հիշում է Ծովինարը։

Գյուղ վերադարձել են ապրիլի 11-ին, երբ հայ կամավորներն ազատագրել են այն։ Ծովինարը պատմում է այն, ինչ տեսել է…

«Սպանվածների թվում էր իմ դասընկերուհի Անթառամի եղբայրը՝ Արարատը։ Ապրիլի 10-ին տանկի հետևից կապել քաշ են տվել ամբողջ փողոցներով։ Մյուս եղբորն ու մորն էլ տարել էին գերի, ճանապարհին մոր ատամները քաշել, ծեծել էին, հետո էլ արդեն հենց Անթառամին էին գերի վերցրել՝ քրոջ հետ միասին։ Նրանց փոխանակել են, շատ ուշ՝ 4-5 տարի հետո։ Եղբայրը փախել, անցել էր սահմանը, Թալիշով եկել էր։ Ես գերությունից հետո չեմ տեսել Անթառամին։ Փոխանակումից հետո Ռուսաստան են գնացել։ Հարսի հետ եմ խոսել՝ իր եղբոր կնոջ։ Ասում էր, որ շատ են տանջել, ծեծել են, սոված են պահել, ծախել են մեկը մյուսի վրա, աշխատացրել են հողամասերում, բռնաբարություններ են արել։ Փոխանակումից հետո այդ աղջիկը չէր ուզում ապրել։ Դժվարությամբ են հետ բերել կյանքի»,- ցավով հիշում է Ծովինարը։

Նրա ամուսինը մինչև վերջ մնացել, մասնակցել է Մարաղայի բոլոր ինքնապաշտպանական գործողություններին և մահացել հունիսի կռիվների ժամանակ։ Հիշում է, որ երբ հունիսի 16-ին եկան և ասացին, որ ադրբեջանցիները մտնում են գյուղ, ինքը ոտքով, առանց որևէ բան իր հետ վերցնելու փախել է Մաղավուզ։ Այդ ժամանակ մոտ 5 ամսական հղի էր և պատկերացնում էր, թե ինչեր կարող են անել ադրբեջանցի զինվորները... Ներկայումս բնակվում է Նոր Մարաղայում, աշխատում է գյուղի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Ասում է՝ ընդամենը ուզում է ամուսնու գերեզմանին շիրմաքար դնել, այցելել գերեզման...

Էլմիրա Սահակյանի հուշերում ևս Մարաղան անջնջելի հետք է թողել։ Գոյապայքարի ժամանակ նա կորցրել է ամուսնուն և որդիներին, զրկվել հայրենի գյուղում ապրելու հնարավորությունից ու կամա թե ակամա «ընդհատել» իր մյուս երկու երեխաների մանկությունը։ Էլմիրան բուժքույր էր, աշխատում էր Լենինավանի տեղամասային հիվանդանոցում։ Սակայն ապրիլի 10-ին հիվանդանոցը նրանց տունն էր. ամենուր օգնում էր վիրավորներին, իսկ առաջին հարկը որպես ապաստարան էր ծառայում բոլորի համար։

Տեսնելով, որ ադրբեջանական տանկն արդեն գյուղ է մտել, Էլմիրան շատ արագ վերցրել է երեխաներին և տնամերձ այգիներով փախել գյուղից։ Այդ ընթացքում նրանց ուղղությամբ ադրբեջանցիներն ականներ են նետել և բեկորներից մեկը վիրավորել է նրան։ Այդուհանդերձ, սա չի ընկճել Էլմիրային. 12-ամյա տղային՝ Արարատին, սովորեցրել է վիրակապելու ձևն ու շարունակել են փախչել… Ապրիլի 11-ին գյուղն ազատագրելուց հետո նա ևս վերադարձել է:

«Փողոցներով արյան գետեր էին հոսում։ Մի լափեդ [տրակտորի կցորդ] եմ տեսնում, մեջը լրիվ կոտորված մարդիկ… ինչ ասես արել են, նույնիսկ դանակով խաչեր… Մարդ կա բերել են գյուղի կենտրոն, վիզը կտրել, կախել։ Ղարաբաղում ոչ ոք մարաղացիների չափ չի տուժել։ Մեծ մարդկանց են վառել, աղջիկներին, կանանց ինչ ասես արել են… փոխանակումից հետո մի աղջկա մարմին ամբողջությամբ ծխախոտով վառել էին, հետքերը մնում էր։ Եվ այս ամենն այն պատճառով, որ նրանք հայեր էին...»,- հիշում է Էլմիրան, որը ևս ներկայումս Նոր Մարաղայում է բնակվում։

«Ո՞նց հաշտվես դրանց հետ։ Էնքան ջահելների են կոտորել։ Մեր հողերը տանենք տանք նրա՞նց։ Ինչի՞ համար։ Չենք տալու, ինչ ուզում է լինի... Ուզում են թող գան գնդակահարեն, չենք տալու։ Կռի՞վ են անում, ես էլ մի ավտոմատ կվերցնեմ կգնամ կռվելու, բայց հողը չենք տալու»,- ասում է Էլմիրան:

Ծովինար Գրիգորյանի և Էլմիրա Սահակյանի հետ հարցազրույցն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա. 10 ապրիլի 1992» ֆիլմի նկարահանման շրջանակներում: Թեմայի վերաբերյալ փաստական տվյալներ, ականատեսների վկայություններ ու այլ տեղեկություններ կարող եք գտնել Maragha.org և Karabakhrecords.info կայքերում:

Լուսինե Պողոսյան

Հայերեն Русский