ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է Հիսուս Քրիստոսի մկրտության Հորդանան գետի ափին գտնվող վայր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։
Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի և մոմ վառել։