Պաշտոնական

«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով

2 րոպեի ընթերցում

«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է ապրիլի 3-ին մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:

Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ և Սվետլանա Նավասարդյանի համաձայնությամբ համերգը նվիրվել է բոլոր մայրերին, քույրերին ու դուստրերին:

«Թույլ տվեք ձեր բոլորի անունից մեր խորին շնորհակալությունը և սերը հայտնել Սվետլանա Նավասարդյանին՝ նրա մեծ արվեստի և երկար տարիների անխոնջ աշխատանքի, նվիրումի և համաշխարհային ու հայկական մշակույթի մեջ հսկայական ներդրման համար»,-համերգի ավարտին ասել է նախագահ Սարգսյանը:

Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում