Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Արցախում «ԿոնԻՖԱ» ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքների հետ կապված
1 րոպեի ընթերցում
![Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Արցախում «ԿոնԻՖԱ» ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքների հետ կապված](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/969959.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախում «ԿոնԻՖԱ» 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւորել է նման միջոցառման անցկացումը մեր հանրապետությունում, ընդգծել այն բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել առաջնության նախապատրաստման, կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին, շահագրգիռ մարմիններին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար, կառավարական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: