Հասարակական

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփվել են միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփվել են միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 29-ին ամփոփվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը և ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը։ Բարձրաստիճան հյուրերը ողջունել են օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորել հաղթողներին։

Միջազգային մրցույթի հաղթող են ճանաչվել Ռուսաստանի Դաշնության հրետանավորների ակադեմիայի կուրսանտները: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Առաջատար եռյակը եզրափակել են Բելառուսի բարձրագույն ռազմակրթական հաստատության սաները։

Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցներին նվիրել է սմարթֆոններ, թիմերին՝ հայրենական արտադրության համակարգիչներ։

Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների թիմերը:

Միջազգային մրցույթին մասնակցող երիտասարդները մրցութային օրերին նաև այցելել են Հայաստանի պատմամշակութային վայրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում