Տնտեսություն

Հանքարդյունաբերական երկու հսկա ընկերությունների չաշխատելու պարագայում անգամ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ է արձանագրվել

2 րոպեի ընթերցում

Հանքարդյունաբերական երկու հսկա ընկերությունների չաշխատելու պարագայում անգամ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին երկու ամսում աճել է` չնայած նրան, որ արդյունաբերական ցուցանիշների առյուծի բաժինը ապահովող երկու հսկա հանքարդյունաբերական ընկերությունները չեն աշխատել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման և դրա արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին աճել է 1.9 տոկոսով` չնայած այն պայմաններին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1.1 տոկոսով: Փետրվարին արձանագրված 4.7 տոկոս աճի շնորհիվ երկամսյա հանրագումարը կազմել է 1.9 տոկոս: Ընդ որում, դա տեղի է ունեցել կարևոր պայմաններում: Ուզում եմ հիշեցնել, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի, օրինակ, Թեղուտի հանքը, որը վիճակագրորեն ապահովում էր մեր արդյունաբերական աճի մի հսկա տոկոսը, բավական երկար ժամանակ է, ինչ չի աշխատում` մոտ մեկ տարի: Ուզում եմ ընդգծել, որ հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք երկու հսկա, որոնք մեր արդյունաբերական վիճակագրական ցուցանիշների առյուծի բաժինն էին ապահովում: Եվ մենք այսօր աճ ենք ցույց տալիս այն պայմաններում, երբ այդ երկու գիգանտները չեն աշխատում»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հանքի հետ կապված: Եվ այն մարդիկ, ովքեր ներգրավված են գործընթացում, կառավարությանը հավաստիացնում են, որ շատ արագ և շուտով այդ ոլորտում կունենանք հաջողություն: Այսինքն` այն կվերաբացվի:

Մշակող արդյունաբերությունը հունվար-փետրվարին աճել է շուրջ 8 տոկոսով, ինչը Փաշինյանը բավականին շոշափելի ցուցանիշ համարեց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում