Հարցազրույց

«Ժպիտների քաղաք»-ն արդեն հասցրել է օգնել մոտ 120 երեխայի և երիտասարդի.  կբարեփոխվեն քաղցկեղի բուժման ծառայությունները

12 րոպեի ընթերցում

«Ժպիտների քաղաք»-ն արդեն հասցրել է օգնել մոտ 120 երեխայի և երիտասարդի.  կբարեփոխվեն քաղցկեղի բուժման ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժպիտների քաղաք» (City of smile) բարեգործական հիմնադրամը, չնայած գործունեության կարճ ժամանակին, արդեն հասցրել է մոտ 250 մլն դրամի աջակցություն ցուցաբերել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու երիտասարդների: Հիմնադրամը, ձգտելով ընդլայնել նվիրատվությունների ցանկը, նպատակ ունի քաղցկեղի բուժման ծառայությունները Հայաստանում դարձնել եվրոպական ստանդարտներին մոտ: «Արմենպրես»-ը հիմնադրամի գործունեության և արդեն արձանագրած արդյունքների մասին զրուցել է «Ժպիտների քաղաք»-ի տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ:

- Տիկին Դեմիրճյան, գործունեության օրից մինչև հիմա հիմնադրամի հաշվին որքա՞ ն գումար է հանգանակվել և այդ գումարը քանի՞ երեխայի է տրամադրվել:

-«Ժպիտների քաղաք» հիմնադրամն իր հիմնադրման մասին հայտարարել է հուլիսին, սակայն մեր հիմնական գործունությունը սկսել ենք 2018թ. սեպտեմբերից: Այդ ընթացքում մոտավորապես 250 մլն դրամի կարգի նվիրատվություն է եղել, սակայն սա միջին ցուցանիշն է: Այսօրվա դրությամբ արդեն ունենք մոտ 120 շահառու: Շահառու են 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում: Միջինում յուրաքանչյուր ամիս մենք աջակցում ենք 45-50 շահառուի: Բուժումը երկարաժամկետ է, և հետևաբար մեկ անգամվա օժանդակությամբ չենք ավարտում: Օգնությունը տրվում է բուժման հետ կապված բոլոր ծախսերի համար: Եթե երեխային կամ երիտասարդին ցուցված են դեղեր, հետազոտություններ, վիրահատական միջամտություն, հիմնադրամը ամբողջովին հոգում է: Հիմնադրամը, բացի բուժման ծախսերից, ապահովում է նաև հիվանդանոցում երեխաների 4-անգամյա սնունդը, որպեսզի այս խնդիրն էլ թեթևացնենք ծնողների համար, որ իրենց հոգսը լինի միայն երեխաների մասին հոգ տանելը: Ապահովում ենք նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն, ինչը երեխաների, նրանց ընտանիքի համար իսկապես շատ կարևոր է:

-Հիմնադրամի շահառու դառնալու կարգն ինչպե ՞ս է, իրե ՞նք են ձեզ դիմում, թե ՞ դուք եք գտնում այն երեխաներին ու երիտասարդներին: Շա ՞տ են դիմում:

-Սովորաբար իրենք են դիմում մեզ: Քանի որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ու «Մուրացան»-ի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները միացան, մենք գործում ենք Արյունաբանական կենտրոնում՝ հեշտացնելով ծնողների խնդիրը, որ մեզ երկար չփնտրեն: Մեր՝ արյունաբանական կենտրոնոմ գտնվելու նպատակն է, որ ծնողներին հնարավորինս մատչելի լինենք: Բժիշկներն էլ միշտ հուշում են մեր տեղը: Նրանք դիմում են մեզ, մեր էքսպերտներն այն դիտարկում են, և եթե հաստատվում է, երեխան դառնում է մեր շահառու: Ունենք միայն տարիքային չափանիշ: Ամեն օր մենք ունենք 2-3 նոր դիմում: Բավականին շատ են դիմումները։ Շատ մեծ կարևորություն ենք տալիս այս երեխաների հետ աշխատելուն, բազմաթիվ միջոցառումներ ենք փորձում կազմակերպել, որ նրանց ներգրավենք մեր սոցիալական կյանք: Հաճախ նրանք փորձում են փակվել, մեկուսանալ: Սա վարակիչ չէ, ամոթ ու դատավճիռ չէ, և եթե երեխան ունի քաղցկեղ, դա դեռ չի նշանակում, թե ավարտն է: Մանկական քաղցկեղի պարագայում բուժելիության ցուցանիշը բավականին բարձր է՝ 70-75 տոկոս:

-Բոլոր բուժհիմնարկներում քաղցկեղ կամ արյան հիվանդություն ունեցող երեխաներին կարողանո ՞ւմ եք արդյոք հավասարաչափ օգնություն տրամադրել։

-Իհարկե: Մենք օգնություն ենք տրամադրում, եթե ծնողը դիմում է մեզ: Հիմնականում այս խնդրով երեխաների 90 տոկոսը գտնվում է Արյունաբանական կենտրոնում, սակայն ունենք շահառուներ, որոնք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում են, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում և այլ հիվանդանոցներում: Բոլորը հավասարապես մեր շահառուներն են:

-Տիկին Դեմիրճյան, ձեր ամենափոքր շահառուն քանի ՞ տարեկան է:

-6-8 ամսական երեխաներ էլ ունենք:

-Հիմնադրամի շահառուներից արդեն լիարժեք բուժված երեխաներ կամ երիտասարդներ եղե՞լ են:

-Այնպես չէ, որ միայն մեզնով սկսել են և մեզնով ավարտել են: Մեր գործունեության ժամկետը շատ կարճ է: Սակայն ունենք երեխաներ, որոնք նախկինում այլ տեղերից են աջակցություն ստացել, իսկ հետո դարձել են մեր շահառու: Եվ այո, մենք ունենք մի քանի դեպքեր, որ երեխաներն առողջացել են: Այդ դեպքերը մեզ շատ ուժ ու եռանդ են տալիս: Երբ արդյունք ենք տեսնում, հասկանում ենք, որ մեր պայքարն իսկապես արժե:

-Տիկին Դեմիրճյան, խոսեցիք այլ հիմնադրամներից աջակցություն ստացած երեխաներից, «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեության ծավալների նվազումից հետո արդյոք բոլո՞ր շահառու երեխաներն են հիմա ստանում ձեր աջակցությունը, դուրս մնացածներ կա ՞ն:

-Ես չեմ կարող ասել՝ բոլորն են, թե ոչ, քանի որ ես չգիտեմ այդ հիմնադրամի բոլոր շահառուներին: Այնուամենայնիվ, ունենք շատ-շատ շահառուներ, որոնք եկել են այդ հիմնադրամից, բնականաբար այն հիմնական մասը, որը վաղուց է բուժվում և ժամանակին եղել է «Նվիրիր կյանք»-ի շահառու, փորձել է գտնել այլ ուղի: Ծնողներն ու բժիշկները միմյանց հետ շփվում են, և կարծում եմ չկա մեկը, ով օգնության կարիք ունի և մեր մասին չգիտի:

-Տիկին Դեմիրճյան, տեղյակ եմ, որ ծխախոտ արտադրող 3 ընկերությունների հետ հանդիպում եք ունեցել: Ինչպես ավելի վաղ նշել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` դրանցից մեկը մերժել է, մյուսը սիմվոլիկ գումար է փոխանցել, մյուսի հետ բանակցություններն ի՞նչ փուլում են:

-Այո մեկը մերժեց, մյուսի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ մեկի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ որոշակի գումար կփոխանցի հիմնադրամին:

-Այս առումով որոշակի հակասական կարծիքներ հնչեցին, որպես տնօրեն ի՞նչ եք կարծում հիմնադրամի անվանը չի վնասի՞ արդյոք այն փաստը, որ քաղցկեղով հիվանդ անձանց բուժման համար գումար է տրամադրվում քաղցկեղ առաջացնող ապրանքի` ծխախոտի վաճառքից:

-Անկեղծ ասած, ես հակառակ կողմից եմ դրան նայում: Իմ անձնական կարծիքով, եթե որևէ կազմակերպության արտադրանքի արդյունքում կարող է քաղցկեղ առաջանալ, ապա աջակցություն ցուցաբերելն առավել ևս իր առաջնային պարտականությունը պետք է լինի: Կարծում եմ, որ սա ինչ-որ առումով իրենց սոցիալական պատասխանատվությունն է: Օրենսդրությունը ուսումնասիրել ենք, այս առումով որևէ սահմանափակում չունենք: Փորձում ենք ընդլայնել և մարդկանց տարբեր տեսակի հնարավորություններ տալ՝ մեզ աջակցելու համար: Ունենք բջջային հաղորդագրությամբ աջակցելու հնարավորություն, խանութներում նվիրատվության արկղեր ունենք:

-Տիկին Հակոբյանը նաև տեղեկացրել էր, որ լայն սպառման ապրանք արտադրողների հետ եք հանդիպումներ ունենալու՝ աջակցության ակնկալիքով: Արդեն հանդիպումներ եղե՞լ են և ո՞ւմ հետ:

-Հանդիպումներ նախատեսում ենք մյուս ամսվա համար: Սակայն մենք համագործակցություն ունենք նաև որոշ ռեստորանների հետ: Ցանկացած ռեստորան կամ սրճարան կարող է ունենալ մեկ ճաշատեսակ կամ սուրճի տեսակ, որի անունը դնելով «City of smile», դրա վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցում է հիմնադրամին: «Ոսկեվազ» ռեստորանում այդպիսի աղցան ունենք, «Գարուն» սրճարանում՝ սենդվիչ: Իսկ «Կարաս» սննդի ցանցից ամեն երկուշաբթի առաքված սննդի գումարի 5 տոկոսը ևս փոխանցվում է հիմնադրամին: «Սաս» սուպերմարկետներում «City of smile» խմորեղենի վաճառքի ողջ հասույթը ևս փոխանցվում է հիմնադրամին: Կարծում եմ, որ շատ գեղեցիկ ձև է, որ մարդիկ, վայելելով իրենց ժամանցը, միաժամանակ գիտակցում են, որ ինչ-որ բարի գործ են անում:

-Տիկին Դեմիրճյան, հիմնադրամի խոշոր բարերարների թիվը որքա ՞ն է: Սուպերմարկետներում հիմնադրամի` նվիրատվության համար նախատեսված արկղերից ինչպիսի՞ աջակցություն է ստացվում:

-Ցանկացած մարդ, որը տարբեր սուպերմարկետներում տեղադրված արկղի մեջ գցում է անգամ 10 դրամ և նա, ով տալիս է 10 մլն դրամ, հավասար են մեզ համար: Կարևորն աջակցելու ցանկությունն է: Եթե մարդն ունի այդ կարեկցանքն ու ինչ-որ մեկին աջակցելու ցանկություն, դա մեզ համար չափազանց կարևոր է: Բնականաբար, մեծ գումարները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ամսական մոտ 15-20 մլն դրամի կարգի հատկացնում ենք միայն բուժման ծախսերին: Սակայն դրանից բացի, հիմնադրամը նաև այլ նպատակներ ունի, երբեմն հիվանդանոցներին շատ սարքավորումներ են անհրաժեշտ լինում, որոնց գնման համար հիմնադրամը ևս աջակցություն է տրամադրում: Քաղցկեղի բուժման ծառայությունն ուզում ենք բարեփոխել, բարելավել և դարձնել եվրոպական, ամերիկյան փորձին գոնե մոտ և կոմպլեքսային ծառայության առումով կարողանանք ապահովել մի փաթեթ, որը ներառում է բավականին շատ կոմպոնենտներ: Այդ իսկ պատճառով ցանկացած նվիրատվություն մեզ համար շատ կարևոր է: Խոշոր նվիրատուները` անհատները, կազմակերպությունները, կարծում եմ, որ 100-ի կարգի են։ Իսկ սուպերմարկետներում արկղերը սկսել ենք տեղադրել դեկտեմբերի կեսերից, որոշները փետրվարին են տեղադրվել: Մինչ օրս դատարկել ենք երկու սուպերմարկետների արկղեր: Նույն սուպերմարկետի երկու մասնաճյուղերից համատեղ 800 հազար դրամի չափ գումար էր հավաքվել, իսկ մյուս սուպերմարկետների ցանցերի արկղերում հավաքվել էր մոտ 1 մլն 50 հազար դրամ գումար: Դա կարծում եմ, որ վատ թիվ չէ, քանի որ այդ 1 մլն դրամը մի երեխայի քիմիաթերապիայի մեկ կուրսի գումարն է: Յուրաքանչյուր փոքր գումար մեզ համար կարևոր է, քանի որ դրանք հավաքվելով լուրջ արդյունք են տալիս:

-Եվ վերջում ի՞նչ նոր ծրագրեր, առաջիկա անելիքներ ունեք:

-Մենք ուզում ենք մաքսիմալ բարձրացնել ծառայությունը` ամբողջական կոմպլեքսով: Այս տարի արդեն մեծ հավանականությամբ կունենանք մանկական պալիատիվ ծառայության բաժանմունքը Արյունաբանական կենտրոնում: Այն լինելու է երեխաների համար մնալու վայր: Մենք արդեն սկսել ենք նախագծային աշխատանքները, փորձում ենք համագործակցել արտասահմանի մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք մանրուքները, յուրահատկությունները, որոնք կարևոր են նման բաժանմունքների համար: Մենք այս պահին ունենք դեռ շատ նախնական նախագիծ, որում դեռ պետք է շտկումներ լինեն: Դա բավականին ծախսատար է: Արդեն նախնական հաշվարկի վրա նվիրատվություն ունենք: Սակայն դա մեզ, միգուցե, բավարար չլինի: Կարծում եմ, որ կլինեն այլ կազմակերպություններ, որոնք մեզ չեն մերժի:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Քաղաքականություն

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում