Վերլուծություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության երկիմաստ դրույթները և հիմնական ուղերձը

5 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության երկիմաստ դրույթները և հիմնական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև առաջիկայում սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 9-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին հայտարարություն, որը դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների առարկա:

Հայտարարությունում անդրադարձ է կատարվում վերջին շրջանում հակամարտության բոլոր կողմերի հայտարարություններին և գործողություններին, ինչպես նաև փորձ է արվում որոշակիորեն ուրվագծել վերսկսվող ֆորմալ բանակցային գործընթացի շրջանակները: Նախկինի պես, այս անգամ ևս համանախագահներն իրենց դիտարկումները ձևակերպելիս ընտրել են ոչ հասցեական բառակազմ և ընդհանրական ձևակերպումներ, ինչը կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս տարբեր դրույթներ ընկալել և մեկնաբանել յուրովի: Այդ հանգամանքից օգտվեց նաև պաշտոնական Բաքուն՝ ողջունելով հայտարարությունը: Սակայն թե՛ այդ «ողջունող» մեկնաբանության մեջ, թե՛ ընդհանրապես ադրբեջանական ԶԼՄ-ներում համանախագահների հայտարարությունն ամբողջական տարբերակով ներկայացված չէ, այլ ընտրողաբար առանձնացված են մի քանի հատվածեր:

Ինչ վերաբերում է հայկական տիրույթին, ապա համանախագահների երկիմաստ ձևակերպումները դարձան փորձագիտական շրջանակների տարաբնույթ, երբեմն անգամ հակասական մեկնաբանությունների առարկա: Իրականում, հայտարարության շեշտադրումների դիտարկման գործընթացում ցանկացած ծայրահեղացված գնահատական տեղին չէ, և կարծրատիպային է այն մոտեցումը, որ Արցախը կամ Հայաստանը պետք է մշտապես լինեն հակամարտության «ամենակառուցողական և ամենաօրինակելի» կողմերը (այս մոտեցումը, փաստացի, որևէ դիվիդենտ չի բերել):

Անդրադառնալով համանախագահների հայտարարության բովանդակությանը՝ պետք է նկատել, որ նրանք ֆորմալ բանակցային գործընթացի վերսկսմանն ընդառաջ բավական կարևորում են արդյունավետ քննարկումներին նպաստող մթնոլորտի պահպանման կարևորությունը: Սակայն, ակնհայտ է, որ Բաքվի կողմից բարձր մակարդակով բարձրաձայնվող ռազմատենչ կոչերը, առավելապաշտական հայտարարությունները և սկսված հարձակողական բնույթի զորավարժությունները խոսում են այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն շահագրգռված չէ արդյունավետ խաղաղ բանակցություններով, այլ նաև չի հրաժարվել խնդրի ռազմական լուծման տարբերակից: Հատկանշական է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական գործելաոճի մասին մեծաթիվ փաստեր էին առկա նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունում:

Հայտարարությունում համանախագահներն անդրադարձ են կատարել նաև հակամարտության կարգավորման հիմքերին: Կարելի է ենթադրել, որ նրանք փորձել են ուրվագծել բանակցային գործընթացի շրջանակները: Մասնավորապես, համանախագահների կարծիքով, հիմնախնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն), ինչպես նաև 2009-2012թթ. համանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված վեց տարրերի վրա: Ըստ էության, համանախագահները բանակցային գործընթացը դիտարկում են շարունակականության սկզբունքի ներքո և որևէ նոր բան չեն առաջարկում: Իսկ բանակցությունների համար առաջարկվող հիմքերը որևէ կերպ չեն արտահայտում Ղարաբաղյան հակամարտության վերջին իրողությունները, մասնավորապես, 2016թ. ապրիլյան պատերազմը: Համանախագահները չեն անդրադարձել նաև ռիսկերի նվազեցմանն ուղղված նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ): Այս բացթողումներն, անշուշտ, նվազեցնում են արդյունավետ բանակցություններ ունենալու հնարավորությունները:

Հատկանշական է, որ դեռևս հստակ չէ, թե արդյոք համանախագահների առաջարկը կլինի Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման օրակարգում, թե ոչ: Ադրբեջանական կողմը ժամանակին մերժել է այդ առաջարկները, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունները դեռևս որևէ դիրքորոշում չեն արտահայտել այդ տարրերի հետ կապված:

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ համանախագահների հայտարարության շուրջ բարձրացած աղմուկը մասամբ արհեստական է, եթե հաշվի առնենք, որ դրանում առկա մի շարք դրույթներ ձևակերպված են երկիմաստ և կարող են մեկնաբանվել տարբեր կերպ: Միևնույն ժամանակ, այդ ծավալուն հայտարարությունը պետք է ընկալել որպես համանախագահների հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերսկսման ազդարարում:

Նարեկ Մինասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում