Արցախ

Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Նիդեռլանդների խորհրդարանականների հետ

2 րոպեի ընթերցում

Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Նիդեռլանդների խորհրդարանականների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի արտաքին հարաբերությունների պատասխանատուների հետ: Հանդիպումը կազմակերպվել է Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում Արցախի խորհրդարանը գործընկերային հարաբերություններ է հաստատել եվրոպական մի շարք երկրների և միջխորհրդարանական կազմակերպությունների հետ, իսկ Նիդեռլանդների օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ նման կազմով առաջին անգամ է հանդիպում: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ շփումները շարունակական կլինեն, ինչը հնարավորություն կտա Նիդեռլանդների խորհրդրանականներին առավել համակողմանի ծանոթանալու Արցախում առկա իրողություններին և հիմք կհանդիսանա հարաբերությունների ինստիտուցիոնալացման համար:

Աշոտ Ղուլյանը հակիրճ տեղեկություններ է հաղորդել Արցախի պատմության, ազատության և ինքնորոշման համար պայքարի քաղաքական և իրավական հիմքերի, Արցախի պետականաշինության առանձնահատկությունների վերաբերյալ:

Հանդիպման վերջում պատասխանելով ներկաների հարցերին՝ Արցախի խորհրդարանի նախագահը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին և հեռանկարներին, Արցախի տնտեսական զարգացման հնարավորություններին ու մի շարք այլ թեմաների:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում