Կոտայքում ադամանդագործության զարգացման լուրջ հեռանկարներ կան. առաջիկայում խոշոր ներդրումներ են սպասվում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Աբովյան քաղաքում ներկայում ադամանդագործության ոլորտում գործում է 80-100 աշխատատեղ ունեցող ընկերություն: Առաջիկայում այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կավելանա:

«Կան գործարարներ, որոնք, պայմանավորված հետհեղափոխական քաղաքական իրադրությամբ, մտադրված են Աբովյանում աշխատելով, ներգրավել խոշոր ներդրումներ: Այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն իրականացվում են: Վերջերս սկսվել են մեծ ծավալով շինարարական աշխատանքներ Աբովյանում՝ նախկին «Սիրուս» գործարանի տարածքում: Այդտեղ են կահավորվելու ադամանդագործության արտադրամասերը: Նախատեսվում է, որ Հոնկոնգում, Դուբայում գործող ադամանդագործական ընկերությունները գրասենյակ կբացեն Աբովյանում և արտադրություն կսկսեն: Այսինքն՝ այդ ընկերությունների արտադրական արդյունքը կլինի Հայաստանում: Բիզնես պլանի համաձայն՝ առաջիկա տարիներին նախատեսվում է 3 հազար աշխատատեղ ստեղծել»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ ընկերությունները նախատեսում են նաև ուսուցման ծրագիր իրականացնել, որ շինարարության ավարտին զուգահեռ վերապատրաստված մասնագետներ լինեն: Մարզպետը տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է գործարարներին: Նա իր աջակցությունն է հայտնել նրանց:

Մարզպետը նշեց, որ այս պահին էլ մարզում գործում է 7-8 ադամանդագործական միջին ձեռնարկություն, որոնց արտադրանքն արտահանվում է ռուսական, եվրոպական շուկաներ:

Հաջորդ ուղղությունը, որ մարզը զարգացնում է, զբոսաշրջությունն է: Այդ շրջանակում ներկայում երկու խոշոր հյուրանոցային համալիրների կառուցման ծրագիր է իրականացվում: Դրանից բացի, բարձր լեռնային բնակավայրերում աշխատանքներ են ընթանում էկոտուրիզմի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումներ բերելու առումով:

«Դրա վառ օրինակը Լեռնանիստ համայնքում ձմեռային տուրիզմի զարգացման ծրագրերն են: Ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ տեղեկատվական լուրջ աշխատանք տարվեց, որից հետո տուրիստական ակտիվությունը նկատելի էր: Կցանկանայի նշել Սևաբերդում էկոգյուղի ծրագրի մասին, որը նույնպես ընթացքի մեջ է: Ամբողջացվում է նախագծանախահաշվային փաթեթը»,-ասաց մարզպետը:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզի համար կարևոր ուղղություններից է ինտենսիվ այգեգործությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը: Ըստ նրա՝ այս ուղղությամբ էլ կա առաջընթաց: Մարզում շուրջ 90 հա ջերմոցային տնտեսություն կա, ևս 17 հա չորս համայնքում ներկայում հիմնվում է:

Ծրագրեր են նախատեսված վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Առկա է իտալա-իսպանական համատեղ ձեռնարկության հետ կնքված հուշագիր, որի համաձայն՝ մարզում կկառուցվեն հողմակայաններ: Դրանից բացի, արևային կայաններ կկառուցվեն մի շարք համայնքներում:

«Ի դեպ, ուզում եմ նշել վերելակների արտադրության մասին: Չարենցավանում կհիմնվի 60-70 աշխատատեղով վերելակների արտադրությամբ զբաղվող ընկերություն: Չինական կողմի այցին ենք սպասում՝ տարածքի հարցը հստակեցնելու համար: Նրանց կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան մենք առանձնացրել ենք 5 տարածք, որից էլ չինական կողմը կընտրի հարմարը»,-ասաց նա:

Մարզպետի խոսքով, իրենց հաշվարկներով, ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագրերով կհիմնվի 1000-ից ավելի աշխատատեղ:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում