Պաշտոնական

Չինական հոլդինգը ցանկանում է մասնակցել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը՝ վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավումով

2 րոպեի ընթերցում

Չինական հոլդինգը ցանկանում է մասնակցել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը՝ վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավումով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Սին Մենը ներկայացրել է հոլդինգի գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում հետաքրքրության ոլորտները:

Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում:

Սին Մենն ասել է, որ, հաշվի առնելով իրենց ընկերության ունեցած մեծ փորձը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում՝ լեռնային տեղանքում և սեյսմիկ գոտիներում թունելներ և կամուրջներ կառուցելու առումով, ցանկանում են մասնակցություն ունենալ մայրուղու հարավային հատվածի կառուցմանը, ինչպես նաև պատրաստ են այդ նպատակով արտոնյալ պայմաններով չինական վարկային և դրամաշնորհային միջոցներ ներգրավել:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները վերոնշյալ հարցի շուրջ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում