Վերլուծություն

Լավրովն ուղղում է սիրիական ժամացույցի սլաքները

5 րոպեի ընթերցում

Լավրովն ուղղում է սիրիական ժամացույցի սլաքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հստակացումը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ Սիրիայում միացյալ զինվորական գործողություններ կատարելու ծրագրեր գոյություն չունեն, ըստ էության, միտում ունի զսպելու Անկարայի նկրտումները: Խնդիրը ուղղակիորեն վերաբերում է սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր Անկարայի հանկերգած անվտանգության գոտու ստեղծման առաջադրանքին:

Լավրովի այս հստակացումը մի անգամ եւս վերահաստատում է, որ Մոսկվա-Անկարա ռազմաքաղաքական գործընկերությունը կարճաժամկետ եւ սահմանափակ դրվածքով է դրսեւորվում Սիրիայում՝ դերերի համակարգման ընդհանուր հասկացողության ներքո: Դամասկոսի հովանավորությունը ստանձնած Մոսկվան իսլամական ահաբեկիչների մաքրազտման իր գործողություններում կարիք ունի թուրքական նեցուկի, որն այս առեւտրում առավելագույնս ուզում է օգտագործել քրդական վտանգի հեռացման իր ծրագիրը: Սկզբում մարդասիրական գոտու ստեղծման առաջադրանքը հրապարակ նետելով, շուտով, սակայն, անվտանգության գոտու գաղափարը շեշտելով՝ Անկարան ըստ էության, ուզում է զինվորական գոտի ստեղծել՝ իր սահմաններից առավելագույնս հեռացնելով քրդական վտանգը: Այս մոտեցումը նաեւ սիրիական տարածքներում թուրքական բանակի ներկայությունը հիմնավորելու համար կարեւոր քայլ է, որը տարբեր անկյուններից Անկարային մղում է միեւնույն հանկերգը հնչեցնելու:

ՌԴ արտգործնախարարը, բացելով փակագծերը, ուղղակի հայտնեց, որ ՌԴ-ին չէր հաջողվել Թուրքիայի հետ համաձայնություն գոյացնել Սիրիայի քրդերի հարցի շուրջ: Նա հստակեցրել է. «Թուրքիայի հետ չենք կարողացել համաձայնել, թե ո՛ր քրդերն են համարվում ահաբեկիչներ: Թուրքիան առանձին դիրքորոշում ունի: Հասկանում ենք նրանց անհանգստությունը, սակայն պետք է լավն ու վատը կարողանան տարբերակել, թե ո՛ր քրդերն են համարվում ծայրահեղական, իսկ ովքեր՝ Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք»: Հստակ էր տարբերակումը. Թեհրանն ու Մոսկվան Սիրիայում զինվորական ներկայություն ունեն Դամասկոսի հրավերով. նման հրավեր չի ուղարկվել Անկարային, հետեվաբարՄոսկվան համաձայնչէ անվտանգության գոտու «տարազի» տակ թուրքական զորքերի ներկայությանը Սիրիայում:

Այս հարցի առնչությամբ Թեհրանը երանգային տարբերություն է դրսեւորում: Լավրովի կտրուկ մերժման դիմաց Իրանի արտգործնախարարը չէր բացառում Իդլիբում զինվորական գործողության կարելիությունը: Անկախ քրդական խմորումների նկատմամբ Իրանի չթաքցրած անհանգստության տեսությունից՝ այստեղ կա աշխարհաքաղաքական տարողություն ունեցող այլ խնդիր:

Քրդական ներկայության դեմ զինյալ գործողությունների դիմելու դեպքում Վաշինգտոնի զգուշացումները` ուղղված Անկարային, շատ ակներեւ էին սիրիական ռազմաքաղաքական իրադարձություններում: Հիմնական պատճառը, որը մտածելու տեղիք էր տալիս այն էր, որ Անկարան անվերջ ձգձգում էր զինվորականներխուժումը Իդլիբ։

Լավրովի հայտարարությունը, որ միացյալ զինվորական գործողության ծրագիր գոյություն չունի, համազոր է վաշինգտոնյան սպառնալիքին` նման քայլի դիմելու դեպքում Թուրքիայի տնտեսությունը քանդելու:

Արդյունքն այն է, որ այս հարցում լուռ զուգակցություն է երեւում ռուսական եւ ամերիկյան կեցվածքների միջեւ:

Թեհրանը այս պահի դրությամբ Թուրքիայի կարիքն ավելի ունի, որը մինչ այժմ չի միանում Վաշինգտոնի հայտարարած պատժամիջոցային պայքարին ընդդեմ Թեհրանի: Այդ պատճառով էլ երանգային տարբերություն է ցույց տալիս Լավրովի հայտարարածի համեմատությամբ: Թեհրանը իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնում Անկարային՝ միացյալ զինվորական գործողություն իրականացնելու առումով:

Սիրիայում այսօր, ճիշտ է, իսլամական ահաբեկչությունը արմատախիլ չի եղել, այդուհանդերձ, մաքրազտման եւ համախմբման գործողություններ իրականացել են: Դամասկոսը հետզհետե իր վերահսկողության ծիրը ընդլայնում է: Որոշ տեղաշարժ կա նաեւ քրդական զինյալ ուժերի առումով, սակայն Անկարայի առաջադրած անվտանգության գոտին ձեւավորվելու հավանականությունից դեռեւս հեռու է: Բեկումնային պահերը ճշտողը թվում է՝ հիմնականում Մոսկվան է: Այս պահին, իրադրություններն ընթանում են Մոսկվայի ճշտած ժամացույցի սլաքներին համընթաց:

Շահան Գանտահարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում