Դավիթ Բաբայանը հայտարարում է Արցախում նոր կուսակցություն ստեղծելու մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Բաբայանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս եւ ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր եւ գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման եւ պաշտպանության գործին:

Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաեւ հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից:

Երկար մտորումներից հետո, ինչպես նաեւ քաջալերվելով բազմաթիվ ընկերների եւ համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը:

Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի եւ անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները:

Միեւնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին: Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման եւ զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ եւ մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում:

Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու եւ Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի եւ հայրենիքի:

Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների եւ հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն եւ արհեստավարժորեն դիմակայելու:

Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը եւ ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են: Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը:

Ներքաղաքական կյանքում մենք որեւէ մեկին դեմ չենք եւ որեւէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարակության ցանկացած երկպառակտում ու բեւեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է:

Հարգելի՛ հայրենակիցներ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական եւ այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ եւ կառուցողական քննարկումներ»,- գրել է Բաբայանը:

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

ՍԴ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր