Պաշտոնական

Փոխվարչապետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է բժշկական ապահովագրության ներդրման հարցեր

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է բժշկական ապահովագրության ներդրման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Ներկա էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն էին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից,ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար հնարավորություն և կամք կա իրականացնելու այնպիսի բարեփոխումներ, որոնք մեծապես կբարձրացնեն Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը: Այդպիսի մի կարևոր բարեփոխում է բժշկական ապահովագրության ներդրումը:

Արսեն Թորոսյանը ասել է, որ օրվա ընթացքում արդեն հնարավորություն են ունեցել միջազգային գործընկերների հետ միասին քննարկել բժշկական ապահովագրության հարցերը և աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող մոդելների առավելությունները և թերությունները, և քննարկումները կշարունակվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի մակարդակով:

Սիլվի Բոսութղոն նշել է, որ ՀԲ-ի Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթում զգալի նշանակություն է տրված առողջապահության խնդիրներին և կառույցը պատրաստ է աջակցել կառավարությանը՝ այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում