13 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի 1979 թվականի իսլամական հեղափոխությունը տեղի է ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհը բաժանված էր երկու՝ Արևելքի և Արևմուտքի բլոկների, աշխարհի բոլոր երկրները հարում էին կամ արևմտյան կապիտալիստական բլոկին, կամ Արևելյան կոմունիստական բլոկին, և անկախության պատկերացումն ու ընկալումն անգամ երկու գերտերություններից՝ Միացյալ Նահանգներից և Խորհրդային Միությունից դուրս ցանկացած երկրի համար անհավանական երևույթ էր:
Սակայն իրանցիները, հիմնվելով ժողովրդի մեջ հասունացած անկախության ձգտումների վրա, Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Միացյալ Նահանգներից կախվածության մեջ գտնվող Իրանում իշխող Շահի միապետական իշխանության դեմ, նախաձեռնեցին և իրականացրեցին իսլամական հեղափոխություն, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Իրանում միապետության տապալմանն ու երկրի առաջընթացին:
Հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ձևավորվեց ժամանակավոր կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծման համար հանրաքվե անցկացվեց:
Վերոնշյալ հանրաքվեի արդյունքում, որին մասնակցում էին մասնակցության իրավունք ունեցողների 97.27% -ը, որոնցից 99.3% -ը քվեարկեց Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծման օգտին:
Պատերազմի դժվարությունները ուսերից նոր թոթափած Իրանի ժողովուրդը ստիպված էր ծանր պատժամիջոցների ստվերի ներքո երկրի հետպատերազմյան տնտեսական վերակառուցման գործին լծվել:
Իրանը հեղափոխությունից ի վեր նկատելի հաջողություններ է գրանցել՝տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում ստորև կներկայացնենք ամենանկատելի ձեռքբերումները:
Իրանի գրանցած ռեկորդային առաջընթացը Միավորված ազգերի կազմակերպության «Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» վերաբերյալ ամենամյա զեկույցի վարկանիշային ցուցակում
Այսօր, Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց, պատմության մեջ Իրանի նկատմամբ ամենասարսափելի պատժամիջոցների կիրառմանը զուգընթաց, Իրանը ըստ Միավորված ազգերի կազմակերպության «Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» վերաբերյալ ամենամյա զեկույցի 2017 թվականին սեփական ներքին «Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» աճի տեմպերի վիճակագրության համաձայն ռեկորդային առաջընթաց է գրանցել դառնալով աշխարհի առաջին երկիրը: Համաձայն վերոնշյալ զեկույցի Իրանը տնտեսական ներուժի տեմպերով աշխարհի տասնութերորդ երկիրն է, իսկ բազմաթիվ գիտությունների հատկապես բժշկության և նորարարական տեխնոլոգիաների, ցուցանիշով գտնվում է աշխարհի երկրների լավագույն տասնյակում:
Գիտակրթական համակարգի ձեռքբերումները
Իսլամական հեղափոխությունից ի վեր հարևան երկրի գիտության բնագավառում գրանցած աճի տեմպերով 11 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը: Գիտական տեղեկատվության միջազգային ինստիտուտի (ISI) 2012 թվականի տվյալների համաձայն Իրանը իր չորս միլիոն երեք հարյուր հազար ուսանողներով և 34.155 հրատարակած գիտական հոդվածներով երեք անգամով գերազանցում է հոդվածների հրատարակման համաշխարհային միջին ցուցանիշի աճի տեմպերին:
2010 թվականին Նյուսենթիստ (New Scientist) գիտական վարկանիշային շաբաթաթերթը Իրանին ներկայացրել է իբրև գիտության բնագավառում աշխարհում ամենաարագ աճող և գիտական արտադրության մեջ աշխարհի առաջատար երկրներից մեկը:
Իրանը ըստ 2018 թվականի երիտասարդ գիտնականների կողմից գրանցած գիտական գյուտերի քանակի վիճակագրության աշխարհում 16-րդ տեղն է զբաղեցնում, ինչն էլ իր հերթի առիթ է հանդիսացել, որ իրանցիները միջազգային տարաբնույթ օլիմպիադաներում 362 գիտական մեդալ նվաճեն, իսկ աշակերտներն էլ փայլուն հանդես գալով ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի և այլ միջազգային օլիմպիադաներում վերջին տարիներին 57 ոսկի, 92 արծաթե և 58 բրոնզե մեդալ նվաճեն: Հարկ է նշել, որ միակ կինը ով մաթեմատիկայի օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել իրանցի Մարիամ Միրզախանին է:
Իսլամական կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ISESCO) տարեկան զեկույցի համաձայն Իրանը գիտության բնագավառում գրանցած հաջողությունների առումով, այդ թվում բարձր մակարդակով կազմակերպված գիտահետազոտական աշխատանքների քանակով և գիտական հայտնագործությունների գրանցման թվով 58 իսլամական երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում:
Նանոտեխնոլոգիաների ոլորտում ևս Իրանը մեծ հաջողություններ է գրանցել ուր այսօր արտադրվում են ոլորտի 330 տեսակից ավելի ապրանք, որոնք արտահանվում են աշխարհի 15 երկրներ: Համաձայն (Web Of Science)-ի կողմից հրապարակված 2017 թվականի դեկտեմբերի վիճակագրության Իրանը նանոտեխնոլոգիաների ոլորտում աշխարհի 4-րդ երկիրն է:
Համաձայն համաշխարհային «Ֆոտոն» վարկանիշային ինստիտուտի տվյալների Իրանը նորարարական ենթակառուցվածքների հատկապես՝ ավիատիեզերական տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակով աշխարհում 11-րդ տեղում է գտնվում և համարվում է աշխարհի այն հինգ երկրներից մեկը, որ կարողացել է կենդանի արարած ուղարկել տիեզերք:
Իրանը գտնվում է 13 խոշորագույն միջուկային վառելիքային ցիկլի երկրների շարքում:
Բժշկություն
Բժշկության բնագավառում ևս այս երկիրը տպավորիչ ձեռքբերումներ է գրանցել և նույնիսկ մարդկային կլոնավորման, կենսատեխնոլոգիայի, ցողունային բջիջների, ուղեղի և այլ օրգանների ամենաբարդ վիրահատությունների, ռադիո բժշկության և մարդկային օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման բնագավառում էլ աշխարհի առաջատար երկրներից մեկն է համարվում: Քանի, որ բժշկական ծառայությունների ոլորտում Իրանն այսօր գտնվում է աշխարհի ամենաառաջադեմ երկրների շարքում և տարածաշրջանի երկրների շատ հիվանդներ բուժման նպատակով Եվրոպա մեկնելու փոխարեն այցելում են Իրան:
Գրահրատարակչություն
1978 թվականին Իրանում հրատարակվել է 294 գիրք, իսկ իսլամական հեղափոխությունից 10 տարի անց մոտ 20 անգամ աճել է նախահեղափոխական ցուցանիշը և միայն 2018 թ. սեպտեմբերին Իրանում հրատարակվել է 7941 անուն գիրք: Ըստ վիճակագրության 1978 թվականին 11 կին հեղինակ է եղել Իրանում, իսկ 2017 թվականին այդ թիվը հասել է 28239-ի:
Արվեստ. թատրոն և կինո
Չնայած նրան, որ արվեստագետները միշտ էլ հասարակության վրա ազդեցություն են թողնում, սակայն Իրանում փոխարեն արվեստագետները հեղափոխության վրա ազդեցություն թողնեն հեղափոխությունն է արվեստագետների և արվեստի վրա մեծ ազդեցություն գործել: Հեղափոխությունից առաջ արևմտամետության շունչ զգացվում էր արվեստի տարբեր ոլորտներում, իսկ բանաստեղծությունն ու գրականությունը գտնվում էր մարքսիստական և արևելյան գաղափարախոսության ազդեցության տակ: Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի արվեստը ևս բազմաթիվ փոփոխություններ կրեց: Իրանական արվեստը, որի տարբեր ճյուղերը գտնվում էին Արևմուտքի ազդեցության տակ հեղափոխությունից հետո ենթարկվեց մշակութային մաշկափոխության: Իսլամական հեղափոխությունը ազդելով արվեստի տարբեր ոլորտների վրա նպաստեց իրանական արվեստի ծաղկմանն ու զարգացմանը: Վերոնշյալ ծաղկումը հատկապես տեսանելի է կինոարտադրության բնագավառում չնայած նրան, որ արվեստի բոլոր ճյուղերն էին ծաղկում և սրընթաց զարգանում, սակայն կինոարտադրությունը իրեն հատուկ գլոբալացմանկամհամաշխարհայնացման հատկության շնորհիվ ավելի նկատելի էր հատկապես Իրանի սահմաններից դուրս: Հեղափոխությունից հետո արվեստի տարբեր ճյուղերը ևս սկսեցին սրընթաց զարգանալ և շարժվել դեպի արվեստում բարոյական և հոգևոր արժեքների արտացոլման ուղղությամբ, ինչի շնորհիվ այսօր իրանական ժամանակակից արվեստը, հատկապես ֆիլմարտադրությունը աշխարհում իր ուրույն ոճն ու դեմքն ունի: Հեղափոխությունից ի վեր Իրանը ֆիլմարտադրության բնագավառում ևս մեծ առաջընթաց է գրանցել և նոր խոսք է ասել աշխարհում, և ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթներում ու փառատոններում տարեցտարի ավելանում է հաջողություն գրանցած իրանական արտադրության ֆիլմերի քանակը, որոնք շատ հաճախ արժանանում են առաջին կամ երկրորդ մրցանակի: Իրանական ֆիլմարտադրության հաջողության գրավականը այն է, որ բարոյական և հոգևոր ուղղվածություն ունի, և համաշխարհային ֆիլմարտադրության ֆոնին, որն ամենուր դաժանություն է քարոզում, իրանական ֆիլմարտադրությունն իր որդեգրած հոգևոր և բարոյական արժեհամակարգի շնորհիվ նոր էջ է բացել համաշխարհային ֆիլմարտադրության մեջ՝ դեպի իրեն գրավելով դաժանության տեսարաններից և առանց ասելիք ու պատգամի ֆիլմերից հոգնած աշխարհի հազարավոր հանդիսատեսի սրտերն ու ուշադրությունը բռնության, դաժանության և անարդարության տեսարաններին հակադրվելով՝ իրանական ֆիլմերը մարդկություն, հարգանք, հանդուրժողականություն, սեր և բարություն են քարոզում: Մինչ հեղափոխությունը, ոչ մի կին ռեժիսոր իրանական կինոյում չկար, սակայն այսօր 25-ից ավել կին է իրանական կինոյում իբրև ռեժիսոր և սցենարիստ գործունեություն ծավալում, որոնցից ոմանք ինչպիսիք են՝ Ռախշան Բանիէթեմադը և Փուրան Ռախշանդեն մեծ ճանաչում են գտել Իրանի և համաշխարհային կինոաշխարհի մակարդակով: Տիկին Ռախշան Բանիէթեմադն Իրանի հայտնի ռեժիսորներից և սցենարիստներից մեկն է, Օսկարի ակադեմիայի անդամ, նրա ֆիլմերը բարձր գնահատականի են արժանացել միջազգային փառատոններում: Նա 2014 թ-ի կինոփառատոնում արժանացել է լավագույն կինո սցենար մրցանակին: Նա նաև Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի տարբեր միջազգային փառատոներում հանդես է եկել իբրև ժյուրիի անդամ, իսկ Տիկին Փուրան Ռախշանդեն, բազմաթիվ ֆիլմեր նկարահանելու համար արժանացել է՝ Իրանի արվեստի առաջին դասի պատվոգրի, հանդիսանում է WIF- ի՝ Ամերիկացի կինոգործիչների ասոցիացիայի անդամ, IFP- ի՝ ամերիկյան անկախ ռեժիսորների ասոցիացիայի անդամ, CIFEJ- ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի երեխաների և երիտասարդների միջազգային կենտրոնի անդամ:
Իրանի թատերական արվեստի բնագավառը ևս վերջին տարիների ընթացքում մեծ վերելք է ապրել՝ այսօր Իրանում 17000-ից ավել թատերական գործունեություն ծավալող արվեստագետ կա և Իրանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենի խոսքերով, Թեհրանում միայն մեկ օրվա ընթացքում ցուցադրվում է ժանրային և թեմատիկ տարբեր ուղղվածություններ ունեցող ՝ մյուզիքլից մինչև դասական 138 թատերական ներկայացում:
Ամփոփում
Հնարավոր է հարց առաջանա, թե հարևան երկրի առաջընթացները ի՞նչ օգուտ ունեն մեզ համար, սակայն հարկ է նշել, որ Իրանի ձեռքբերումները և գրանցած առաջընթացը չի սահմանափակվում միայն վերևում հիշատակված բնագավառներով, այլև այս երկիրը զգալի առաջընթաց է գրանցել նաև ռազմական ասպարեզում: Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխարհի ամենահզոր երկրներից մեկն է համարվում, փաստ, որը տարածաշրջանում ուժի հավասարակշիռ բաշխվածությանը զուգահեռ ապահովում է նաև տարածաշրջանի անվտանգությունը: Ինչպես գիտենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (Դայեշի) կողմից 2005 թ. Սիրիայում հրահրված պատերազմը շատ կարճ ժամանակում հանգեցրեց նրանց կողմից Սիրիայի մեծ մասի և Իրաքի կարևոր հատվածների բռնագրավմանը, ինչից հետո նրանք մոտեցան ընդհուպ մինչև Իրանի սահմաններին: Այդ ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախազգուշացրեց իսլամական պետության ահաբեկչական խմբավորմանը, որ Իրանի սահմաններին չմոտենան, ինչից հետո Իրանը սկսեց ավելի մեծ ուշադրությամբ դիմագրավել վերոնշյալ ահաբեկչական խմբավորմանը և արդարացի լինելու համար պետք է փաստենք, որ իսլամական պետության պարտությունը, Սիրիայում և Իրաքում, որի ականատեսն ենք հիմա, իրականություն է դարձել Իրանի ռազմական ուժի և պատերազմական տաղանդի շնորհիվ, փրկելով ողջ տարածաշրջանը պատերազմական քաոսից, քաոս, որն, անշուշտ, կտարածվեր մինչև Կենտրոնական Ասիա և Կովկաս:
Արմինա Սարգսյան՝ իրանագետ, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտականհամալսարանի պարսից լեզվի դասախոս