ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ փետրվարի 5-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, տեղում ծանոթանալով առաջնագծում մարտական ծառայության կրման պայմաններին, հանրապետության նախագահը զինծառայողների հետ անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է նրանց խնդիրներով և հուզող հարցերով: Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երկրի ղեկավարին է ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների անվտանգության ապահովմանն ու մարտական հերթապահությունն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված աշխատանքների համալիրը:
Բակո Սահակյանը զինվորականներին վստահեցրել է, որ այսուհետ ևս զինծառայողների անվտանգության, կենցաղային և սոցիալական ապահովվածության խնդիրները կշարունակեն գտնվել երկրի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը Թալիշ համայնքում հրավիրել է նաև խորհրդակցություն, որի ընթացքում համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա անելիքների վերաբերյալ տրվել են կոնկրետ հանձնարարականներ: